1

fb you od

Մայրենիի օրը նշվեց Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

mayreni lezvi or 

Մայրենի լեզվի միջազգային օրը 1999 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից որպես մայենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցության օր: Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում: Տոնը հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի տարբեր տարածաշրջաններում:

2017 թվականի փետրվարի 19-ին, Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում մայրենիի տոնը նշվեց հանդիսավորապես: Տոնին հավուր պատշաճի էին պատրաստվել կենտրոնի Սուրբ Մեսրոպ Մաշտոց հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի սաները: Միջոցառման կազմակերպիչներն էին հայերենի ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանը, երաժշտական ձևավորումը պատկանում էր խմբավար Ռուզաննա Օվանեսյանին:

Միջոցառմանը ներկա էր Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

Միջոցառումը պատմական անդրադարձ էր տառերի ստեղծման ժամանակաշրջանին, բեմականորեն ներկայացվեց դարաշրջանը և հայոց այբուբենի ստեղծման պատմությունը:
Դահլիճում տիրող 5-րդ դարի մթնոլորտում մայրենի լեզվով հնչում էր աղոթքն ու շարականը, երգն ու արտասանությունը: Այդ օրը երեխաները պարեցին նաև հայկական ազգային քոչարին, իսկ Մեսրոպ Մաշտոցն իր ստեղծած տառերը ներկայացրեց և նվիրեց հայ մանուկներին:
Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկավ Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, որը շնորհավորեց ներկաներին Մայրենի լեզվին նվիրված տոնի առիթով և իր օրհնությունը փոխանցեց նրանց: Տեր Արարատը կարևորեց այն մեծ աշխատանքը և դերը, որը կատարում է Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց երիտասարդական, կրթամշակութային կենտրոնը` հայրենիքից հեռու մայրենի լեզվի պահպանության գործում, հորդորեց ներկաներին լինել ազգասեր և միասնական, համախմբվել հայկական եկեղեցու ու կրթօջախի շուրջը, սովորել և պահպանել մեսրոպատառ հայերենը: Արժանապատիվ Տեր հայրը երախտագիտությամբ արժևորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և ՀՀ Սփյուռքի նախարարության ներդրումն ու աջակցությունը Բաթումիի հայությանը:

Հայրենիքից հեռու ազգային ինքնությունը, հոգևոր և ազգային արժեքները պահպանելու մասին խոսեց Աջարիայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

Ծնողների անունից, երախտագիտության և շնորհակալության խոսքով հանդես եկավ թենիսիստ, վաստակավոր մարզիչ Մարտին Խումարյանը:
Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ամփոփելով միջոցառումը, իր գոհունակությունը հայտնեց միջոցառման մասնակիցներին, կարևորեց և արժևորեց այն նուրբ և հարգալից վերաբերմունքը մայրենի լեզվի հանդեպ, որով տոգորված էր միջոցառումը, որով հագեցած էին երեխաների ելույթները: Տիկին Հովհաննիսյանն իր շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեց աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին եւ բոլոր ներկաներին:

2017 թվականի փետրվարի 19-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Պատարագի, արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն ու հավատացյալները միասին աղոթեցին մայրենի լեզվի պահպանման և տարածման համար, իրենց խոնարհումը բերեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հիշատակին։ Այնուհետև հավատացյալներն ու Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի սաները Տեր Տաթև քահանա Մարուքյանի ուղեկցությամբ, քայլերթով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի արձանը, ծաղիկներ խոնարհեցին մեծն վարդապետի հիշատակին։

Միջոցառումը շարունակվեց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում։ Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրն է և այդ օրն արժևորվում է ավանդական գիրք նվիրելու գործողությամբ: Տեր Տաթև քահանան Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից, միջոցառմանը ներկա երիտասարդ ուսուցիչներին փոխանցեց «Ներբող Մայրենիին» ժողովածուն։

Հընթացս միջոցառման ընթերցվեց ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի՝ Վրաստանի հայոց և վրաց լեզուների ուսուցիչներին ուղղված շնորհավորական ուղերձը։ Միջոցառումը կազմակերպվել էր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության և ՀՕՄ-ի Վրաստանի գրասենյակի համատեղ ջանքերով։

2017 թվականի փետրվարի 21-ին Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում սպասելի եռուզեռ էր: Անցկացվում էր մայրենիի օրվա վերջին միջոցառումը: Մինչ այդ սաները իրենց լավագույն շարադրություններն էին ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն, անցկացրել էին ասմունքի մրցույթ, վիկտորինա:
Միջոցառումը կազմակերպել էին ասմունքի ստուդիայի ղեկավար Սաթիկ Սնխչյանը և երգչախմբավար Իրինա Ղարսլյանը: Հնչեցին հայերենին նվիրված լավագույն երգեր ու բանաստեղծություններ:
Մայրենի լեզվի մասին ընդարձակ ելույթով հանդես եկավ Ժորա Սնխչյանը: 

1 2 3 4 

5 6 7 8 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)