Սրբոց Վարդանանց տոնը Թբիլիսիում |
Լուրեր |
2017 թվականի փետրվարի 22-ին, Վարդանանց զորավարների և 1036 զինակիցների տոնի նախօրեին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ գրական միջոցառում՝ նվիրված Սրբոց Վարդանանց տոնին: Միջոցառումը ներկայացրեցին մայրաքաղաքի թիվ 103 վրաց-հայկական դպրոցի սաները, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի նախաձեռնությամբ: Հանդիսությանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր թիվ 103 դպրոցի տնօրեն Արչիլ Չխաիձեն: Դպրոցականները մոմեր վառեցին և Տերունական աղոթքը բարձրացրին եկեղեցու Սուրբ Վարդանի անունը կրող խորանում, որից հետո ծայր առավ Վարդան Մամիկոնյանի, նրա զինակիցների և հերոս հոգևորականների նահատակության մասին դպրոցականների հիշատակի խոսքը՝ համապատասխան նկարների ցուցադրությամբ: Միջոցառման վերջում ներկաներին իր օրհնությունը հղեց և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդը: Անդրադարձ կատարելով հայրենիքի պաշտպանության և հավատքի պահպանության համար հայի ճակատագրին, թշնամուն դիմակայելու անկոտրում կամքին, Սրբազան Հայրը խոսեց նաև քրիստոնյա երկու հարևան ժողովուրդների միմյանց զորակցության և վրաց ժողովրդի համար Վարդանանց պատերազմի նշանակության մասին,նշեց Վարդան Մամիկոնյանի և Վախթանգ Գորգասալիի առաջնորդությամբ երկու քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի և վրացիների պայքարը հանուն հայրենիքի և ազատության: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց դպրոցի տնօրենին, ուսուցչական կազմին, ի մասնավորի տիկին Գայանե Մխիթարյանին, հայոց հոգևոր և ազգային տոները հայ դպրոցականին նվիրական ու սրտամոտ դարձնելու, ազգի զավակների հերոսությամբ նրանց ոգևորելու համար: Թեմի առաջնորդը դպրոցականներին շնորհավորեց տոնի առիթով և նվիրեց օրհնված խաչեր: Ներկաները, որոնց շրջանում էին աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ և բազում հավատացյալներ, մասնակցեցին երեկոյան նախատոնակ-ժամերգությանը: Թեմակալ առաջնորդը բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց անվանակոչության օրվա կապակցությամբ և հորդորեց նրանց հավատարիմ մնալ Մեծն Վարդանի և նրա զինակիցների հիշատակին: Օրվա Պատարագիչն էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Առաջնորդ Սրբազան Հոր նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ «Վասն համօրէն ննջեցելոց ազգիս հայոց»: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց հերոս զորավարների և նրանց զինակիցների մասին, ովքեր ազգովի պայքարի էին ելել հանուն հավատքի և հայրենիքի: Հոգևոր հայրը արժևորեց այն երեք առաքինությունները, որոնք մարմնավորում էր Մեծն Վարդան զորավարը: Դա հավատն էր առ Աստված, հայրենասիրությունը և արիությունը: Այդ առաքելությունները այսօր էլ ազգի գիտակցության մեջ այնպես վառ կերպով դառնում են կարգախոս և այսօր էլ ակնհայտորեն դրսևորվում են հայրենիքի սահմանների պահակակետին կանգնած զինվորների ծառայության մեջ: Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է, որի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Միասնական աղոթք բարձրացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության: Օրհնելով ներկա հավատացյալներին և հոգևոր դասին, Վիրահայոց թեմի առաջնորդը անդրադարձ կատարեց ոգու ուժով ազատության հասնելու, հայրենիքը պահպանելու և հավատքին հավատարիմ մնալու գոյամաքառումներով տարած հաղթանակին: Վիրահայոց թեմի եկեղեցիներում շարունակվում են Սուրբ Վարդանանց տոնին նվիրված Սուրբ Պատարագները և տոնական միջոցառումները: |