1

fb you od

Հրաժեշտ նախակրթարանին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

nakhakrtaran 

2017 թվականի հունիսի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի 2016-2017 ուսումնական տարվա եզրափակիչ միջոցառումը, որը նաև ավագ խմբի հրաժեշտի տոնահանդես էր:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, թեմի հոգևոր դասը, բազմաթիվ հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ, նախակրթարանի նախկին սաներ:

Իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Թբիլիսիում հյուրընկալվող Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության Սկանդինավյան երկրների հայության հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը:

Տոնականորեն էր զարդարված դահլիճը, օրվա տրամադրությանը պատշաճ: Ցերեկույթն սկսվեց նախակրթարանի սաների հնչեղ Տերունական աղոթքով և Թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Միջոցառումը բացեց թեմի կրթական բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Վերջինս իր երախտագիտությունը հայտնեց Վիրահայոց Թեմի առաջնորդին՝ մանկական հաստատությունը միշտ իր ուշադրության ներքո պահելու և հնարավորինս աջակցելու համար: Խոսեց այն 17 շրջանավարտների մասին, որոնցից 11-ը ուսումը շարունակելու է մայրաքաղաքի հայերեն ուսուցմամբ դպրոցներում:

Յուրահատուկ էր նախակրթարանի սաների ելույթը: Իրավամբ մեծացել էին ավագ խմբի երեխաները: Նրանց բարի երթ և ուսման մեջ հաջողություններ մաղթեցին նախակրթարանի կրտսեր սաները: Ուրախ տոնահանդեսում հնչեց գեղեցիկ և գրագետ հայերենը, որը տոգորված էր Հայոց Եկեղեցու, մայրենի լեզվի ու մայր հայրենիքի նկատմամբ մեծ սիրով: Սրտառուչ խոսքը, գեղեցիկ պարը, ուրախ երգը, որ նախակրթարանում նրանց սովորեցրել էին հարգելի Եվգենյա Մարկոսյանը, ուսուցիչներ Օքսանա Շարոյանը, Մետաքսյա Ղազարյանը, Մարիա Աբուլյանը, Իվանե Մկրտչյանը, հիրավի դարձավ հայեցի դաստիարակության ուղղությամբ կատարված մեծ աշխատանքի վկայություն, որը նաև ուղեգիր է դեպի մեծ կյանք՝ ազգային մտածելակերպով:

Երեխաներին մանկության նոր, առավել պատասխանատու շրջան ոտք դնելու կապակցությամբ շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Էլինա Մկրտչյանը, «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

Հեռավոր Շվեդիայից ժամանած հոգեշնորշ Տեր Եղիշե վարդապետը միջոցառումից իր հիացմունքն արտահայտեց կայացրած որոշմամբ՝ իր ղեկավարած համայնքում նույնպես հիմնել նմանօրինակ հաստատություն:

Ամփոփելով տոնահանդեսը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գահատանքի խոսքեր ուղղեց նախակրթարանի ղեկավարին, ուսուցիչներին, դայակին, բոլոր ծնողներին: Հայրենիքից դուրս հայերենի և հայկական շնչի պահպանումը Սրբազան Հայրն անվանեց պայքար, որի դրական արդյունքները նկատելի են Թբիլիսիում, Բաթումիում, հայաբնակ այլ վայրերում: Թեմակալ առաջնորդը նախակրթարանն անվանեց նաև մշակութային միջավայր, որտեղ տարբեր առարկաներից նախնական գիտելիքների հետ միասին երգի, պարի, տարբեր խաղերի միջոցով երեխան ստանում է իրեն հարազատ մշակույթը, սովորում իր մայրենին: Թեմակալ առաջնորդը շնորհակալության խոսքեր ուղղեց ծնողներին իրենց երեխաներին այստեղ բերելու և նրանց հայեցի դաստիարակություն տալու համար:

Վերջում Վիրահայոց թեմի առաջնորդը և հյուրընկալվող հոգեշնորհ վարդապետը շրջանավարտներին հանձնեցին նախակրթարանն ավարտելու վկայականներ, հուշալբոմներ և բաշխեցին իրենց հայրական օրհնությունը: Սաները ջերմ ծափերով ողջունեցին բարերար Բորիս Սաակովին, ով հեռավոր Նովոսիբիրսկից Սկայպի միջոցով դիտում էր երեխաների տոնահանդեսը:

 6-ամյա պատմություն ունեցող Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում երեխաների օրը սկսվում է աղոթքով և հոգևոր հայրերի օրհնությամբ, սարկավագ Գևորգ Անտոնյանի զրույցներով, ուսուցիչների դասերով և խաղերով: Նախակրթարանում երեխաների դաստիարակությունն ընթանում է ընդհանուր ունակությունների, գրաճանաչության, տարրական թվաբանության, գեղարվեստական խոսքի և հոգևոր տեղեկությունների հաղորդման ուղղությամբ: Վիրահայոց թեմի առաջնորդի աջակցությամբ, երկարաձգվել է նախակրթարանի գործունեության օրվա տևողությունը և ապահովվում է օրվա ընթացքում երեխաների մեկ անգամվա սնունդը: 

DSC00493 DSC00516 DSC00524 DSC00530 

DSC00539 DSC00551 DSC00566 DSC00568 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)