1

fb you od

Թբիլիսահայ երիտասարդների ուրախ հանգիստը սկաուտական ճամբարում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

8L1A4287 

Այս տարի ևս թբիլիսահայ երիտասարդների խումբը, Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի (տնօրեն Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ, ամառային հանգսստի երկու շաբաթը գերադասեց անցկացնել սկաուտական ճամբարում, որը ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շրջանակներում արդեն 10-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի անտառային հովտում: Արդեն մի քանի տարի շարունակ երիտասարդները սիրով են ընդգրկվում սկաուտական կյանքին, նախընտրելով անտառային հովտում հանգիստը անցկացնելու առողջարար կենսակերպը:

2017 թվականի հուլիսի 11-ի վաղ առավոտյան, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, , Թեմի երիտասարդական բաժնի հայտագրով, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ թբիլիսահայ համայնքի 10 տղաներ և աղջիկներ ուղևորվեցին «Անդրանիկ» սկաուտական ճամբար: Թեմի ակտիվ երիտասարդների խումբը Բորիս Մզիկյանի ղեկավարությամբ, 12 օր վայելեց վրանային կյանքի հաճույքը:

ՀԲԸՄ սկաուտական ճամբարի այս փուլին մասնակցում էին Իրաքի, Լիբանանի, Իրանի, Թբիլիսիի և Ջավախքի խմբերը: Հուլիսի 13-ին տրվեց ճամբարային կյանքի մեկնարկը: Սկաուտական բանակի բացման արարողությանը իր օրհնությունը բերեց Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Սկաուտական ճամբարները հիանալի առիթ են մայր հայրենիքում, մեկ հարկի տակ տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երիտասարդներին իրենց հասակակիցների հետ շփվելու, տարբեր դժվարություններով միասին անցնելու, իսկ օրվա վերջում խարույկի շուրջ տպավորություններով կիսվելու համար: Ուրախ և հետաքրքիր էր անցնում սկաուտական առօրյան ճամբարում. այն սկսվում էր առավոտյան մարզանքով ու դրոշակի բարձրացման արարողությամբ, այնուհետև նախաճաշ, վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր, իսկ երեկոյան ընթրիք, երգ ու պար խարույկի շուրջ և կրկին դրոշակի արարողություն և քնապարկերով անուշ քուն: Կյանքն այստեղ այնքան գայթակղիչ ու զվարճալի է, որ թբիլիսահայ երիտասարդներից շատերը «Անդրանիկ» ճամբար էին ժամանել երկրորդ, երրորդ և չորրորդ անգամ:

Անի և Արմինե Ղուշչյանների, Բորիս Մզիկյանի և մյուսների համար ճամբարը նաև այս ստվերախիտ անտառում նախորդ տարիներին ծանոթացած և մտերմացած ընկեր-ընկերուհիներին հանդիպելու և զվարճալի օրեր անցկացնելու երջանիկ հնարավորություն է:

Վիրահայ երիտասարդները, ակտիվորեն մասնակցելով ճամբարային կյանքին, արժանացան ճամբարի տնօրեն Ռայմոնդ Հարությունյանի բարձր գնահատականին:

Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում ճամբարականներն այցելեցին Գոշավանք, Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Երևանի հայորդյաց տուն:

Ճամբարի մասնակից սկաուտները հրաժեշտ տվեցին միմյանց` հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով:

8L1A4279 20045413 1658591130858160 5218427164227252332 o 20157370 1662316440485629 2989129376677188043 o 20449358 1673205796063360 7393761139343573892 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)