1

fb you od

«Բոհեմ» համույթի «Ճեղքվող լռություն» համերգը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1a 

2017 թվականի սեպտեմբերի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Երևանի «Բոհեմ» համույթի «Ճեղքվող լռություն» խորագրով գրական-երաժշտական երեկոն, որը նվիրված էր Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, միջոցառումը նախաձեռնել էին «Երևակ» հանդեսի գլխավոր խմբագիր, տնօրեն Գևորգ Թադևոսյանը և Վիրահայոց թեմի մշակույթի բաժինը: Ծրագիրը ներկայացրին բանաստեղծ Գոռ Հարությունյանը, երաժիշտ-կատարողներ Վահե Քոչարը, Ռուբեն Քամալյանը և Գագիկ Շիբոյանը: Միջոցառմանը ներկա էին Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, թբիլիսահայ հավատացյալներ, մտավորականներ, երիտասարդներ:

Երեկոն բացվեց համույթի գործունեության մասին տեսանյութով, որը ներկաներին տրամադրում էր առաջիկա երկու ժամերին իրենց սպասող անակնկալին: Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, ողջունելով հյուրերին, ընդհանուր գծերով ներկայացրեց համույթի ինքնատիպ արվեստը: Ավանդական գրական, երաժշտական կաղապարներից դուրս գրականության ու երաժշտության ներդաշնակ սինթեզը, իսկապես, անակնկալ էր ներկաների համար: Երիտասարդ արվեստագետները ներկայացնում էին իրենց արվեստը, որ ստեղծվել է մեր տեսակի՝ բանական մարդու գոյության հավասարակշռության լծակը ապահովելու համար, աշխարհը կատարելագործելու համար: Նրանք պատմում էին իմաստալից պահերի մասին՝ պատմելով պահը հավերժացնելու համար և փորձում արվեստի միջոցով գիտակցությունն ու հույզերը կապող օղակ դառնալ՝ ժողովրդին կրթելու համար: Տղաները մտավորականի իրենց իդեալն ունեն՝ քաղաքական և քաղաքացիական ճիշտ կեցվածք ընդունող մտավորական, որ հերոս է դառնում Մեծն Թումանյանի օրինակով, ով արվեստ էր ստեղծում դժվարությունների մեջ, պարտքերի մեջ... անմահության իր ուղին էր հարթում ոչ միայն գրականությամբ, այլ իր ամենաթանկը՝ իր տասը երեխայի հետ իրեն էլ այդ ճանապարհին նվեր տալով...

«Բոհեմ» համույթը հիմնադրվել է 2016 թվականի մարտին: Կարճ ժամանակ անց համույթը վաստակել է սերը, համակրանքը այն մարդկանց, ովքեր կիսել են նրանց հույզերը, զգացմունքները, վերաբերմունքն ու առաքելությունը: Իսկ առաքելությունը ազգայինը պահպանելն է, ոչ թե եսակենտրոն, այլ գաղափարակենտրոն ազգայինը պահպանելը՝ ծառայելու համար այն ազգին, ով պատմական հիշողություն ունի, էսթետիկայի զգացողություն... Ձևի ու բովանդակության իրենց փնտրտուքը «բոհեմականները» շարունակում են՝ իմասատավորելով ոչ թե արդյունքը, այլ արարման գործընթացը՝ այս ճանապարհին լսարանին հոգեհարազատ պահեր պարգևելով: Այդ է պատճառը, որ օրեցօր մեծանում է նրանց լսարանը...

Ծրագրի ավարտին համույթին և միջոցառման կազմակերպիչներին իր օրհնությունը բերեց Թեմակալ Առաջնորդը: Գնահատանքի իր խոսքում Սրբազան Հայրը արժևորեց համույթի գործունեությունը՝ տևական թմիրից հետո, հոգևոր վերածննդի շող տեսնելով նրանց մեջ, որ գալիս է «մեր տան ներսից փլվող կամարները ամրապնդելու»: Սրբազան Հայրը ընդգծեց, որ նման երեկոները հոգևոր, կրթական ու մշակութային առաքելության մաս են հանդիսանում և շատ կարևոր դաս կարող են լինել հատկապես երիտասարդ սերնդի համար:

Ոչ ավանդական ծրագիրը ջերմորեն ընդունվեց: Ներկաների համար նոր բացահայտում էր արվեստի այս ձևը և ուրախալի, որ Մայր Հայրենիքում արվեստի բնագավառում առաջընթաց կա, առավել ուրախալի, որ վիրահայությունը հնարավորություն ունի այդ առաջընթացի ականատեսն ու մասնակիցը դառնալու: 

DSC01380 DSC01388 DSC01402 DSC01411 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)