Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված խաչքարերի օծում Դիլիսկա գյուղում |
Լուրեր |
1948 թվականի դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան: Ավելի ուշ՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 2015 թվականի Որոշմամբ, դեկտեմբերի 9-ը հայտարարվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Այդ օրվան էր նվիրված 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում հայոց Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը խաչքարերով ոգեկոչելու արարողությունը: Չնայած երկու օր առաջ Ջավախք աշխարհում ցրտաշունչ ձմեռվա փոթորկոտ օրեր էին, բայց կարծես բնությունն էլ որոշեց մեղմել սառնամանիքն ու օժանդակել Աստվածահաճո հիշատակի խաչքարերի օրհնությանը: Իսկ հայոց անմեղ զոհերի սուրբ հոգիների երկնքից հասնող ջերմությունն ու օրհնությունը օրը դարձրին արևոտ ու հաճելիորեն տաք, տեղի Սուրբ Սարգիս եկեղեցին ու նրա շրջակա տարածքը՝ տեղի բնակչությամբ և հավատացյալներով լեփ-լեցուն: Խաչքարերի օրհնության արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու բազմաթիվ հավատացյալներ: Եկեղեցական արարողությանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր և սարկավագաց դասի ուղեկցությամբ: Հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորեցին «Դիլիսկա» պարի համույթի սաները: Ծագումով դիլիսկացի, այժմ ռուսաստանաբնակ Նաիրի Նահատակյանի բարերարությամբ վերանորոգումից հետո իր դռները բացեց տեղի Սուրբ Սարգիս եկեղեցին, ավելի շքեղ տեսք ստացած՝ որմնանկարներով զարդանախշված խորանով և մկրտության ավազանով: Հավարտ եկեղեցու օրհնության կարգի, օրվա խորհրդին՝ Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման միջազգային օրվան հարիր բացվեց 2 խաչքար։ Մեկը նվիրված էր անհայտ զինվորին (բարերար Փիլոս Մանուկյան), մյուսը՝ Սրբոց Նահատակաց հիշատակին (բարերար Վանիկ Մոսոյան)։ Հիշատակի խաչքարերի օրհնության կարգը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ: Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը ողջունելով ներկաներին և իր խոնարհումը բերելով Վիրահայոց թեմի առաջնորդին, երախտագիտություն հայտնեց բարերարներին կատարված աշխատանքների և գյուղին ցուցաբերվող աջակցության համար: Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը և հայրական սերը դիլիսկացիներին: Թեմակալ առաջնորդն իր պատգամը փոխանցեց հավատացյալ ժողովրդին, խոսեց հայերի համար Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կարևորության մասին ընդգծեց, որ մեկ ու կես միլիոն զոհերի սրբադասումից հետո սա առաջին խաչքարն է, որ կանգնեցվեց Վրաստանում, ունենալով հայ ժողովրդի կողմից միայն ու միայն բարեկամության ու հաշտության խորհուրդ, վրաց աշխարհում դառնալով սուրբ զոհերի նկատմամբ հարգանքի տուրք: Սրբազան Հայրը երախտիքի և գոհունակության խոսք ասաց Դիլիսկա գյուղի բնակիչներին ու բարերարներին, վարպետ-շինարարներին, եկեղեցու շին-վերանորոգչական աշխատանքների ղեկավար Սպարտակ Կարախանյանին և համայնքի բոլոր հարգարժան անձանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում եկեղեցին ավելի շքեղ ու բարեկարգ դարձնելու համար: Վազգեն Սրբազանն իր առաջնորդական գնահատանքը փոխանցեց Տեր Տիգրան քահանա Մխիթարյանին նվիրական ծառայության և աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար: Սրբազան Հայրն իր օրհնությունը բերեց նաև երեցկին Լիանա Մխիթարյանին կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցության և օժանդակության համար: Ցեղասպանության դատապարտման և զոհերի հիշատակի ոգեկոչման խոսքով հանդես եկավ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը: Վերջինս անդրադարձ կատարեց ՄԱԿ-ի կողմից ընտրված ցեղասպանության օրվան, հույս հայտնեց, որ կգա այն օրը երբ համայն աշխարհը կդատապարտի մարդկության,ի մասնավորի հայ ժողովրդի դեմ կատարված ամեն տեսակ ոճրագործություն: Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում օրն ավարտվեց բարերարների կողմից կազմակերպված մատաղի օրհնությամբ և հյուրասիրությամբ։ Այնուհետև Գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, արժանապատիվ Տեր Հայրերի ուղեկցությամբ, այցելեց Դիլիսկայի Վարդան Նահատակյանի անվան թիվ 4 մանկապարտեզ, որտեղ մեծ խանդավառությամբ, աղ ու հացով դիմավորեցին հյուրերին։ Սրբազան Հայրն իր օրհնությունն ու գնահատանքն ուղղեց 95 սան աճեցնող և դաստիարակող մանկապարտեզի մանկավարժական կազմին, մասնավորապես տնօրեն Մանիկ Գաբրիելյանին։ Սրբազան Հայրը շնորհավորելով ներկաներին Գալիք ամանորյա և Սուրբծննդյան տոների առիթով, կատարեց նաև իր նվիրատվությունը մանկապարտեզին: |