Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի Ամանորյա և Սուրբծննդյան տոնը |
Լուրեր |
2017 թվականի դեկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Թբիլիսիի «Լազուրի էզո» (Լազուրյան բակ) ռեստորանային համալիրում կայացավ վիրահայ երիտասարդների Ամանորյա և Սուրբծննդյան նախատոնական երեկո: Ուրախ ժամանցին մասնակցում էին 130-ից ավելի հայ երիտասարդներ Թբիլիսիից, Ռուսթավից, Ջավախքից: Նպատակը՝ միմյանց հետ ծանոթանալն էր, շփվելը, ուրախ տրամադրություն ստեղծելը և այդ տրամադրությամբ 2017-ին հրաժեշտ տալը ու 2018-ը դիմավորելը: Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի և աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի կողմից իրականացված մանրակրկիտ նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքների արդյունքում նախատոնական փարթին դարձավ հետաքրքիր, զվարճալի մրցույթներով և ուրախ խաղերով հագեցած: Բացելով խնջույքը տնօրեն Վալերի Բադալյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և ուրախ ժամանակ անցկացնելու բարեմաղթանքը: Միջոցառումը վարեցին «Հայարտուն» կենտրոնի ակտիվիստներ Լիզա Թորոսյանը և Էմիլ Սարգսյանը: Կատակներով և երգիծական պատմություններով, գեղեցիկ հուշերով ու ծիծաղաշարժ մեջբերումներով հագեցած վարողների խոսքը միջոցառումը դարձրեցին իրվամբ տոնական, ստեղծելով զվարճալի տրամադրություն՝ անտարբեր չթողնելով ոչ մեկին: Նորովի ներկայացան նաև Սանտա Կլաուս՝ Աննա Միսկարյանը և Ձյունանուշիկ Նիկա Ղազարյանը: Երեկոյի ընթացքում անցկացվեցին շատ մրցույթներ տարբեր անվանակարգերից: Ամենալավ երգողներ և պարողներ դարձան Դինա Մինասյանը,Մարինա Սարգսյանը, Աննա Բադալյանը, Վիկտորյա Սականյանը՝ Ռուսթավից, Հրաչյա Սուրմալյանը, «Տարոն» համույթը: «Հայարտան 2017 թվականի բարեկամ» ճանաչվեց Մարինա Սումախյանը, իսկ լավագույն ուսանողական մտահղացում» վկայագրերի արժանացան կամավորական ուսանողական դասընթացների կազմակերպիչներ Հարություն Մալխասյանը և Ստեփան Էվաջյանը: Երիտասարդական բաժնի կողմից անուշադիր չէին մնացել նաև այն ընտանիքները, ովքեր միշտ սիրով և պատրաստակամությամբ մասնակցում են Թեմի առաջնորդարանի, երիտասարդական բաժնի և «Հայարտուն» կենտրոնի աշխատանքներին: Այդպիսիք ճանաչվեցին Մինասյանների և Բազոյանների ընտանիքները: Երգի, պարի նկատմամբ ունեցած ընդունակությունների, նաև միջոցառման ժամանակ դրսևորած ակտիվության համար Նիկա Ղազարյանին ապահովվեց ջոկատավարի կարգավիճակը ամառային ճամբարային ժամանակաշրջանում: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի Ամանորյա և Սուրբծննդյան նախատոնական խնջույքը, որը մեծ հաջողությամբ կազմակերպվում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ, հիրավի կարելի անվանել գեղեցիկ և լավ կազմակերպված փարթի, որին ընդգրկվում են բոլոր մասնակիցները: Վերջում տոնական տորթով հյուրասիրությունից հետո երիտասարդները բարձր տրամադրությամբ ավարտեցին ժամանցը և վերադարձան իրենց տները: |