2018 թվականի հուլիսի 9- 20-ը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ակտիվիստ 17 տղաներ ու աղջիկներ, Ռոման Վարդանյանի գլխավորությամբ, ամառային հանգիստը անցկացրեցին ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո հովտում գտնվող «Անդրանիկ» սկաուտական ճամբարում: ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շրջանակներում անցկացվող սկաուտական ճամբարի այս փուլին մասնակցում էին 70 հայորդիներ Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից և Վրաստանից: Սկաուտական ճամբարները հիանալի առիթ են մայր հայրենիքում, մեկ հարկի տակ տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երիտասարդներին իրենց հասակակիցների հետ շփվելու, տարբեր դժվարություններով միասին անցնելու, իսկ օրվա վերջում խարույկի շուրջ տպավորություններով կիսվելու համար: Ուրախ և հետաքրքիր էր անցնում առօրյան ճամբարում. այն սկսվում էր առավոտյան մարզանքով ու դրոշակի բարձրացման արարողությամբ, այնուհետև նախաճաշ, վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր: Արդեն մի քանի տարի շարունակ թբիլիսահայ երիտասարդները սիրով են ընդգրկվում սկաուտական կյանքին, նախընտրելով անտառային հովտում հանգիստը անցկացնելու առողջարար կենսակերպը: Արմինե Ղուշչյանի, Մարի Բազալելիի, Ջուլիետա Վիրաբյանի և Ռոման Վարդանյանի համար ճամբարը նաև այս ստվերախիտ անտառում նախորդ տարիներին ծանոթացած և մտերմացած ընկեր-ընկերուհիներին հանդիպելու և զվարճալի օրեր անցկացնելու երջանիկ հնարավորություն էր: Զվարճալի էին անցնում տարբեր մրցումները, որոնք կազմակերպվում էին ինչպես ֆիզիկական մարզման, այնպես էլ գեղարվեստական զարգացման նպատակով: Ամեն երեկո վառվող խարույկն իր շուրջբոլորն էր հավաքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդներին եւ ճամբարը վերածվում էր ուրախ դիսկոտեկայի իր երգ-երաժշտությամբ, զվարճալի խաղերով: Վիրահայ երիտասարդները, ակտիվորեն մասնակցելով ճամբարային կյանքին, արժանացան ճամբարի տնօրեն Ռայմոնդ Հարությունյանի բարձր գնահատականին, իսկ այս տարվա թբիլիսյան ջոկատի տիպար սկաուտ դարձավ Անդրանիկ Օհանյանը: Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում ճամբարականներն այցելեցին Հայաստանի պատմա-մշակութային տեսարժան վայրեր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց սկաուտական ճամբարի հայորդիներին:Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ ճամբարի ղեկավար Ռայմոնդ Հարությունյանն անդրադարձավ ճամբարի հայրենանվեր առաքելությանը, ներկայացրեց ճամբարը Հայաստանում կազմակերպելու նպատակը: Վեհափառ Հայրապետը կարևորեց սկաուտական ճամբարային հավաքի անցկացումը Հայաստանում, որով տարբեր երկրներից ժամանած պատանի հայորդիներին լավագույն հնարավորությունն է ընձեռվում միմյանց ճանաչելու և հայրենիքի սրբություններին հաղորդակցվելու:Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ այս մեկտեղումը հայրենիքում առավել կզորացնի նրանց հոգիներում հայրենասիրության զգացումը և նախանձախնդրության ոգին, ինչպես նաև կամրապնդի հզոր ու լուսավոր Հայաստան կերտելու նրանց գիտակցությունը:Նորին Սրբությունը պատասխանեց նաև սկաուտների հարցերին, որոնք վերաբերում էին Աստվածաշնչին, Հայոց Եկեղեցու պատմությանն ու դավանաբանությանը: Երկու օր հետո ֆիզիկապես եւ հոգեպես կոփված, ճամբարային կյանքով խանդավառված երիտասարդները արցունքախառն աչքերով հասցեներ փոխանակելով հրաժեշտ տվեցին միմյանց հաջորդ տարի կրկին սկաուտական ճամբարում հանդիպելու ակնկալիքով:
|