Լուրեր
|
2019 թվականի հունվարի 21-ին, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեում տեղի ունեցավ սույն կոմիտեի շրջանակներում ստեղծված կրոնի ազատության գծով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ փակ ձևաչափով: Աշխատանքային խումբը ներկայացնում են Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների ղեկավար հոգևոր անձինք, գործակալության աշխատակիցները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, ոչկառավարական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նիստը վարում էր կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն: Վերջինս իր խոսքում նշեց, որ կրոնի թեմայով երկրում կուտակվել են բազում հարցեր, որոնք կարգավորման կարիք ունեն և ստեղծված աշխատանքային խումբը հնարավորություն է ընձեռում շահագրգիռ կողմերին ներկայացնելու իրենց դիրքորոշումը այս կամ այն հարցի կապակցությամբ: Ներկաներին խոսքով դիմեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Նիստում ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդը: Թեմակալ առաջնորդն իր խոսքում դրական գնահատեց Վրաստանում Կրոնի գործակալության հիմնումն ու գործունեությունը և առաջարկեց առավել ընդարձակել այս կառույցի լիազորությունները, քանզի այն պետք է լինի ոչ թե սոսկ հանձնարարականներ տվող, այլև այդ հանձնարարականները կյանքի կոչող հաստատություն: Թեմակալ առաջնորդը հստակ ներկայացնելով իր դիրքորոշումը, նշեց, որ մինչև գործող, կանգուն, խոնարհված հայկական եկեղեցիները Թեմին վերադարձնելու հարցի վերջնական լուծումը, պետք է կասեցնել էկոնոմիկայի նախարարության կողմից հայոց եկեղեցիները ինքնակամորեն այլ սուբյեկտների փոխանցելու գործ¬ունեությունը: Վիրահայոց թեմի առաջնորդը առաջարկեց չձգձգել և ժամանակին արձագանքել վերանորոգության կարիք ունեցող հայոց եկեղեցիների նախագծերի քննարկումը և հնարավորություն տալ վերանորոգչական աշխատանքները ժամանակին իրականացնելու: Սրբազան հայրը դրական գնահատեց Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և հասարակական այլ կազմակերպությունների աշխատանքը տարբեր եկեղեցիների խնդիրներին սատար կանգնելու ուղղությամբ: Միանշանակ կարևորվեց Աշխատանքային խմբի ձևավորումը, որի գլխավոր նպատակը Վրաստանում ներկայացված տարբեր դավանանքների ազատ իրականացման համար այնպիսի քաղաքականություն սահմանելու և օրենսդրության մշակումն է, որը ապահովի հավատքի և պաշտամունքի ազատությունը: Վիրահայոց թեմի առաջնորդին այս հանդիպմանը ընկերակցում էին վարչա-տնտեսական հարցերով բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը և իրավական հարցերով Թեմակալ առաջնորդի օգնական Միքայել Ավագյանը:
|