2019 թվականի փետրվարի 8-ին, Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետենկոուրտի հրավերով, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ուղեկցությամբ Թեմի երիտասարդական բաժնի ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի, այցելեց Վրաստանում Վատիկանի դեսպանություն: Գերաշնորհ Խոսե Ավելինո արքեպիսկոպոսը ջերմորեն ընդունեց Վազգեն Սրբազանին, խնդրեց իր ողջույնները փոխանցել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, ասաց, որ միշտ Վատիկանի և Սուրբ Էջմիածնի միջև եղել են բարի և ջերմ հարաբերություններ, որոնք ձևավորված են փոխադարձ հարգանքի և եկեղեցական առաքելության ընդհանուր տեսիլքի վրա: Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքահայությունը Հռոմի Ֆրանցիսկոս պապի նկատմամբ մեծ սեր է տածում, քանի որ նա արդարամիտ և խիզախ հովիվ է, ով բոլոր ատյաններում պաշտպանում է հայ ժողովրդի արդար դատը և Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքակիրթ աշխարհի կողմից: Նաև անդրադարձ կատարվեց քրիստոնեական հավատքի ուժին, որը եղել է երկու եկեղեցիների կողմից ստեղծված հոգևոր մշակույթի մեծ ներշնչանքը, որով դարեր շարունակ կրթվել ու դաստիարակվել են երկու եկեղեցիների հետևորդները: Դեսպան Բետենկոուրտը տեղեկացրեց, որ դեսպանության քարտուղար Հայր Միհայտա Բլաժը ավարտում է իր առաքելությունը Վրաստանում, վերադառնում է Աֆրիկա՝ այնտեղ շարունակելու դիվանագիտական ծառայությունը: Սրբազանը ջերմ արտահայտվեց վերջինիս հասցեին, քանի որ վաղուց ճանաչում է նրան և մաղթեց հաջողություններ ծառայության մեջ: Թեմակալ առաջնորդը Վատիկանի դեսպանին փոխանցեց Վրաստանում ՀՀ դեսպանի ջերմ ողջույնները: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու եկեղեցիներին հուզող խնդիրներին, որոնք վերաբերում են պատմական եկեղեցիները իրենց սեփականատերերին վերադարձնելու հարցին և երկուստեք հույս հայտնեցին, որ ժողովրդավար Վրաստանն իր ստանձնած պարտավորություններով կունենա բարի կամք Վրաստանի քրիստոնեական համայնքներին պաշտոնապես վերադարձնելու խորհրդային տարիներին բռնագրավված տաճարները: Հանդիպումն ընթացավ սիրո սեղանի շուրջ: Հանդիպման ավարտին Վատիկանի դեսպանը ներկայացրեց դեսպանության շենքը և տեղեկացրեց, որ Սուրբ Սեղանը և գրակալները նվիրվել են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից: Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հուշանվերներ ու Հայաստանում պատրաստված չրի տեսակներ փոխանցեց Վատիկանի դեսպանին:
|