Լուրեր
|
2019 թվականի փետրվարի 26-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում ծառայող 230 եկեղեցականներ: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզն Թուֆայան» հայորդյաց տանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգևաբաշխման արարողություն: Տոնական արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր սպասավորները՝ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ: Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, շնորհավորեց Նորին Սրբությանը և ողջ հոգևորականաց դասին տոնի առիթով, նշեց, որ Ս. Ղևոնդյանց տոնը հնարավորություն է ընծայում ամենքին ոգեշնչվելու նրանց օրինակով, ուրախանալու ձեռքբերումներով ու հաջողություններով և լիցքավորվելու Մայր Աթոռի կենարար շնչով: Այնուհետև տեղի ունեցավ ավանդական պարգևաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա նվիրյալ և արդյունավոր ծառայության ու վաստակի` Վեհափառ Հայրապետը արքության պատիվ շնորհեց Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանին: Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան տարբեր թեմերում ծառայող որոշ արժանապատիվ քահանաներ: Ընդառաջելով Վիրահայոց թեմի առաջնորդի դիմումին, լանջախաչ կրելու իրավունք շնորհվեց Վիրահայոց թեմի Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի Գանձայի Սբ. Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Գևորգ քահանա Ասատրյանին,Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովվի օգնական արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանին, և Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանին: Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Վիրահայոց թեմի բազում հավատացյալների և պաշտոնեության անունից շնորհավորում ենք բոլոր պարգևատրվածներին, ընդորում Վիրահայոց թեմի արժանապատիվ քահանաներին, մաղթելով նրանց Աստծու պատվիրաններով առլեցուն հոգևոր ծառայություն:
|