Վիրահայոց թեմի առաջնորդը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում |
Լուրեր |
2019 թվականի մարտի 10-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սբ. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Մեծ Պահքի առաջին՝ Արտաքսումի կիրակիի խորհրդի մասին հավուր պատշաճի քարոզ խոսեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Հավարտ Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի համար: Ներկա հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված հոգելույս Մեսրոպ Բ Պատրիարքի հոգու խաղաղության և հանգստության համար: Նույն օրը Վիրահայոց թեմի առաջնորդը Արմավիրի թեմի Արտիմեդ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցեց "Հին և նոր Արտիմեդ" գրքի շնորհանդեսին։ Գիրքը տպագրության էր պատրաստել տեղի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ռուշանյանը։ Արժանպատիվ Տեր Հայրը գրքում ամփոփել էր հարյուրավոր տարիների պատմությունը, որ խնամքով ուսումնասիրել էր Հայաստանի ազգային արխիվում և գրադարանում։ Շնորհանդեսին խոսքով հանդես եկան թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Գերաշնորհ Տեր .Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, համագյուղացիներ։ Շնորհանդեսը ամփոփեց գրքի հեղինակ Տեր Ներսես քահանան։ Հանդիսության ավարտին գրքի օրինակներից բաժանվեց Սբ. Աստվածածին եկեղեցում հավաքված հավատացյալներին և կատարվեց հյուրասիրություն։ Մարտի 12-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մասնակցում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: |