Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Մեծ Պահքի շրջան է: 2019 թվականի մարտի 27-ին Պահքը կիսվեց, քանզի 24-րդ օրն էր: Այն կոչվում է Միջինք: Եկեղեցական այս տոնը ուղեկցվում է ժողովրդական մի շարք սովորություններով ու ավանդույթներով: Հոգևոր հովիվների գլխավորությամբ Վիրահայոց թեմի եկեղեցիներում հավուր պատշաճի էին պատրաստվել տոնին՝ եկեղեցական տոնակատարությանը զուգակցելով ժողովրդական հանդիսությունը: Թեմի գործող եկեղեցիներում երեկոյան կատարվեց «Հանգստյան» ժամերգություն: : Ներկաներին իրենց օրհնությունը հղեցին և օրվա խորհրդին անդրադարձ կատարեցին հոգևոր հայրերը՝ հավատացյալներին մաղթելով սիրով և հավատքով անցնել նաև Պահքի երկրորդ կեսը, մինչև Հրաշափառ Հարության տոնը, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվում է ապրիլի 21-ին: Հավատարիմ մնալով Միջինքը նշանավորող բաղարջ կամ գաթա թխելու ժողովրդական ավանդույթին, վիրահայության շրջանում այն վեր է ածվել հայկական գաթայի փառատոնի: Հավատացյալները ժամերգության էին եկել այդ օրվա համար հատուկ թխած տարատեսակ գաթաներով, տարեցտարի ընդարձակելով փառատոնի մասնակիցների թիվը և հարստացնելով հայկական գաթայի տեսականին: Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում հայկական ժողովրդական տոնահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը,շրջանային վարչության մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը, շրջանային ժողովի պատգամավորներ, այլ պաշտոնյա այրեր: Տոնահանդեսին Նինոծմինդայի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա էին քաղաքապետ Անի Մոսոյանը, շրջանային վարչության մշակույթի, կրթության և սպորտի բաժնի տնօրեն ժորա Սնխչյանը, Վիրահայոց թեմի Ռուսթավիի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր, մշակութային, կրթական և երիտասարդական կենտրոնում միջինքի տոնակատարությանը ներկա էին Ռուսթավիի քաղաքապետարանի աշխատակիցները փոխքաղաքապետ Կոնստանտին Մալանիայի գլխավորությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ: Տեղերում ավանդական ժողովրդական տոնահանդեսները գեղեցկացրեցին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Տեր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի, Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնների սաների ուժերով հայկական ժողովրդական երգերն ու պարերը: Միջինքի և ավանդաբար Ջավախքում անցկացվող «Հայկական Գաթա» փառատոնի մասին կարճ ակնարկից հետո հոգևոր դասի կողմից կատարվեց գաթաների օրհնության կարգ և հայկական տարազովներով զուգված աղջիկները գաթան բաժանեցին ժողովրդին:Ավանդույթի համաձայն ոմանց ընկան եկեղեցու խաչի քավորների կողմից պատրաստված անակնկալները՝ օրհնված խաչերը: Փառատոնին մասնակից տիկնայք ու աղջիկներ շնորհակալագրերից բացի ստացան նվերներ: Միջինքը գեղեցիկ տոնահանդեսի վերածվեց նաև Թեմի «Հայարտուն» կենտրոնի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանում: Միջինքի օրը հանգստյան ժամերգությամբ և գաթայի փառատոնով նշվեց Ախալցիխեի հոգևոր տեսչությունում, Ծալկայի շրջանի, Ախալքալաքի Արակովայի և Դիլիսկայի հոգևոր հովվություններում:Միջինքը Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցում տոնականորեն կնշվի մարտի 31-ին: Եկեղեցական – ժողովրդական տոնի պատշաճ իրականացմանն իրենց ներդրումն էին ունեցել եկեղեցիների խաչի կնքահայրերը և հավատացյալները, ովքեր սիրով բերել էին գաթաներ և բաղարջներ, պատրաստել նվերներ ի նշան ժողովրդական ավանդույթի պահպանման:
|