Դասական երաժշտության երեկո՝ նվիրված մայրերի տոնին |
![]() |
![]() |
![]() |
Մարտի 3-ը գեղեցիկ տոնական օր է Վրաստանում: Այն աշխարհի ամենասիրելի եւ ամենաբարի մարդկանց՝ մայրերի տոնն է: Ի նշանավորումն այդ գեղեցիկ օրվա, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ դասական երաժշտության համերգ: Երեկոյին ներկա էին տաղանդավոր բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը, վաստակաշատ մանկավարժներ Ռոզա Զոհրաբյանը, Ֆաթմա Սահակյանը, Աննա Սարիբեկյանը, Դավթյանների ընտանեկան տիկնիկային թատրոնի նվիրյալ տնօրեն Ժաննա Դավթյանը , Ներսես Շնորհալի երգչախմբի շնորհալի խմբավար Մարիաննա Մամաջանովան եւ այլք:
Այնուհետեւ շնորհաշատ երաժիշտներ Կարեն Միրզոյանի, Եսայի Աբովյանի փայլուն կատարմամբ հնչեցին Ֆրանց Շուբերտի, Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Օսկար Պիտերսոնի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Հանդիսականների վրա վառ տպավորություն գործեցին Իրինա Պլատոնովայի դաշնամուրային նվագակցությամբ ջութակահարուհի Մարիաննա Կիրակոզովայի կողմից Կրեյսների «Գնչուական սյուիտի» եւ Կոմիտասի «Կաքավիկի» կատարումները : Բոլոր մայրերին հանրահայտ երաժիշտ Եսայի Աբովյանը նվիրեց «Ռուսական ռոմանս»ի հեղինակային կատարումը: Երեկոն ավարտվեց հանդիսատեսի մեծ օվացիայով եւ բավականության բարձր զգացումով: |