«Հայարտունը» «ԱՐՏ-ԷՔՍՊՈ 2012»-ի մասնակից |
Լուրեր |
Չորս տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Երեւանում, Նկարիչների միության շենքում, անցկացվում է ավանդական դարձած «ԱՐՏ-ԷՔՍՊՈ» արվեստների ցուցահանդեսը: Մարտի 3-4-ը տեղի ունեցած ցուցահանդեսի շրջանակներում իրենց տարվա գործունեությունն ու նոր նախագծերն էին ներկայացրել մշակույթի ոլորտի շուրջ հինգ տասնյակ հայտնի եւ առաջատար կազմակերպություններ` թանգարաններ, գրադարաններ, կինոստուդիաներ, հասարակական կազմակերպություններ: Այս տարի միջոցառումը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելուն եւ գրքի հայրենական տպագրության 500-ամյակին: Հոբելյանական տարվա առիթով «ԱՐՏ-ԷՔՍՊՈ 2012»-ը գրքի ու գրավոր ժառանգության խորհուրդն ուներ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ պաշտոնական անձինք:
«ԱՐՏ-ԷՔՍՊՈ 2012» ցուցահանդես այցելեց եւ իր օրհնությունը բերեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Այս տարի «ԱՐՏ-ԷՔՍՊՈ»-ին մասնակցելու պատիվ ունեցավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից գործող Թբիլիսիի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը: Ասենք, որ «Հայարտունը» միակ կազմակերպությունն էր արտերկրից, որ հրավիրված էր հայ արվեստների ցուցահանդեսին: «Հայարտունը» ներկայացնում էին կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանը եւ տեխնիկական պատասխանատու Վալերի Բադալյանը: Գործունեության ընդամենը 7-8 ամսվա ընթացքում կատարած աշխատանքները ցուցանմուշների տեսքով հպարտորեն տեղ էին գրավել հատկացված տաղավարի բոլոր ցուցադարակներին: «Հայարտան» անունով հրատարակված գեղարվեստական եւ հրապարակային գրականություն, բրոշյուրներ, բուկլետներ, աֆիշներ ու հայտարարություններ եւ բազմաթիվ լուսանկարներ, որոնք արտացոլում էին «Հայարտուն» մշակույթի կենտրոնում կազմակերպված հանդիպումների, կայացած միջոցառումների, անհատական եւ հավաքական ցուցահանդեսների մանրամասները: Ուրախալի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց «Հայարտան» տաղավարի նկատմամբ եւ խոստացավ ուշադրություն եւ աջակցություն Մայր Հայրենիքի կողմից: Այցելուների կողմից մեծ էր հետաքրքրությունը «Հայարտանը» տարվող կրթա-մշակութային աշխատանքների՝ նախակրթարանի, հայերենի եւ հայոց պատմության ուսուցման, վիրտուալ համալսարանի լսարանների եռուզեռը պատկերող լուսանկարների նկատմամբ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ այլ պաշտոնատար անձինք բարձր գնահատելով «Հայարտան» ծավալած բազմակողմանի եւ բեղմնավոր գործունեությունը, պատրաստակամություն հայտեցին ամեն կերպ աջակցելու Թբիլիսիի «Հայարտանը»: |