1

fb you od

Լեւոն Օսիպովի խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսը «Հայարտուն» մշակույթի կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

471223 249260505190769 833569560 o

       Ընթացիկ տարվա հուլիսի 16-ին       Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված ցուցահանդեսը նվիրված էր կիրառական արվեստի ճանաչված վարպետ, Խորհրդային Միության նկարիչների միության անդամ եւ Խորհրդային Միության գեղարվեստական հիմնադրամի անդամ, խեցեգործ  Լեւոն Օսիպովի ծննդյան 75-ամյակին: Այն նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնն ու Վրաստանի հայ նկարիչների միությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

256396 249259228524230 879623466 o

Ցուցասրահում գեղեցիկ ու ճաշակով ցուցադրվել էին կիրառական արվեստի   նմուշ տարբեր տեսակի   խեցեղեն իրեր՝ ծաղկամաններ ու   կժեր,   սկահակներ  ու գավաթներ, մոմակալներ ու զարդեր եւ խորհրդանշորեն այդ ամենի վրա իշխող «Առյուծ արքայի» արձանիկը-աշխատանքներ , որ ներկայացնում էին Օսիպով խեցեգործի հարուստ ստեղծագործական աշխարհի փոքրաթիվ հավաքածուն:

       Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը բացելով ցուցահանդեսը, ներկա հասարակությանը ներկայացրեց Լեւոն Օսիպովի կենսագրությունն ու ստեղծագործական   ուղին, կարեւորելով նրա մասնակցությունը բազմաթիվ հեղինակավոր ցուցահանդեսների եւ ընդգծելով նախկին Խորհրդային Միության տարբեր քաղաքներում հաստատված եւ թանգարանային նմուշ դարձած նրա բազմաթիվ աշխատանքները:

         Շնորհավորելով թբիլիսաբնակ արվեստագետին եւ ճանաչված խեցեգործին հոբելյանի առիթով, բոլոր ելույթ ունեցողները արժեվորեցին նրա 50-ամյա ստեղծագործական գործունեությունը, որ ներառնելով աշխարհահռչակ քանդակագործ Երվանդ Քոչարի տված դասերն ու բարի խորհուրդները, դիտողին ներկայանում է կավագործության մեծավարպետի ձեռքերի ու մատների շարժումներով կերտած բնավորություն, չափի եւ գույնի ներդաշնակություն, ազգային եւ համամարդկային գաղափարի միահյուսում:

       Բարձր գնահատելով խեցեգործ Լեւոն Օսիպովի արվեստը եւ  նվիրվածությունն իր ծննդավայր Թբիլիսիին՝ արվեստագետ Մերաբ Մետրեւելին փոխանցեց Վրաստանի նկարիչների դաշնության դիպլոմը, որով պարգեւատրվել է Լեւոն Օսիպովը՝ ծննդյան 75 եւ ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանների կապակցությամբ:

Նրան ճանաչողները իրենց խոսքում տալով Լեւոն Օսիպովի մարդկային նկարագիրը՝ ներկայացրեցին նրան որպես նվիրված ամուսին, հոգատար հայր , որ հասարակությանը տվել է արժանավոր զավակներ, բարի պապ, իսկական ընկեր եւ նվիրված բարեկամ, հավատքով լի Վիրահայոց թեմի արժանի անդամ:

Վերջում շնորհակալություն հայտնելով իր ստեղծագործությունն ու վաստակն այսպես բարձր գնահատելու համար, խեցեգործ Լեւոն Օսիպովը նշեց, որ ինքը արարել է այն, ինչը բխել է իր հոգուց ու գոհացրել իրեն, իսկ   ստեղծածի   գնահատականը եղել է դիտողի հավանությունն ու հիացմունքը:

Միջոցառում համեմված էր Աննա Պողոսովայի եւ Կարեն Միրզոյանի կատարմամբ երաժշտական գեղեցիկ համարներով: