Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» խմբերգային համույթի մասնակցությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին |
Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» խմբերգային համույթի մասնակցությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում օգոստոսի 11-14-ը նվիրված էին խմբերգային արվեստի ավագ խմբերի ելույթներին Օգոստոսի 11-ին «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացվեց ֆլեշմոբ ակցիա, որը կոչվում էր «Էրեբունի-Երևան»: Փառատոնի բոլոր մասնակիցները հպարտության և գոհության զգացումով միասնաբար երգեցին մայր հայրենիքի մայրաքաղաքի հիմնը: Նկարահանվեց տեսահոլովակ, որը ցուցադրվեց փակման արարողության ժամանակ:Բոլոր միջոցառումներին իր մասնակցությունն ունեցավ Վիրահայոց Թեմը ներկայացնող «Սբ. Ներսես Շնորհալի» խմբերգային համույթը:Օգոստոսի 12-ը բացառիկ օր էր
փառատոնի մասնակիցների համար. այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատուն-թանգարան և ծանոթացան Հայ եկեղեցու հոգևոր-մշակութային արժեքներին:Այնուհետև երգչախմբերը Մայր տաճարում մասնակցեցին Սբ. Պատարագին:Փառատոնին մասնակցող 20 խմբերգային համույթների շրջանում «Սուրբ Ներսես Շնորհալի» համույթը նույնպես հայ հոգևոր երգերի կատարումներով հանդես եկավ բաց խորանում իրականացվող Խաղողօրհնեքի արարողության ժամանակ:Տոնական օրը «Իմ Հայաստան» փառատոնի մասնակից երգչախմբերը եզրափակեցին հոգևոր համերգով, որը տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում:Օգոստոսի 13-ի օրը սկսվեց Ծիծեռնակաբերդ ացելությամբ, որտեղ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սբ.Ներսես Շնորհալի» համույթը փառատոնի մյուս մասնակիցների հետ հանդես եկավ հոգևոր երգերի կատարմամբ:«Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի առաջարկությամբ վիրահայ մասնակիցների այցը Եռաբլուր նշանավորվեց հոգևոր և ազգագրական երգերի կատարմամբ: Նույն օրը Երևանի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Իմ Հայաստան» փառատոնի խմբերգային արվեստի օրերի փակման հանդիսավոր արարողությունը։Երկու տասնյակ երգչախումբ Հայաստանից և Սփյուռքից աղոթք հղեցին առ Աստված միասնաբար երգելով «Հայր մեր»-ը։ Միջոցառումը շարունակվեց տոնական մեծ համերգով, որի ընթացքում հնչեց նաև Վիրահայոց մշակույթի կենտրոնի «Սբ.Ներսես Շնորհալի» համույթի կատարումը:Ուրախալի է, որ «Իմ Հայաստան« համահայկական փառատոնի արվեստի բոլոր ճյուղերի տեսակով ելույթները ամփոփելիս փառատոնի կազմակերպիչների և անձամբ ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի կողմից միանշանակ ընդգծվում էր Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմում՝ նրա առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ ծավալված արդյունավետ և բեղմնավոր աշխատանքը, որի արգասիքը դարձան «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան», «Անի» պարային համույթների և «Սբ. Ներսես Շնորհալի խմբերգային» համույթի և անհատ կատարողների փայլուն ելույթները մայր հայրենիքում: Փառատոնի օրերի շրջանակում Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը և գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովը մասնակցեցին Սփյուռքի նախարարությունում կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվեցին «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում երգչախմբավարների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և այլ հարցեր: Որոշվեց եկող տարի փառատոն անցկացնել տեղայնացված մակարդակով, այսինքն՝ տարածաշրջանային առումով կայացած փառատոնից ընտրվեն լավագույն համարները 2014 թվականին կայանալիք «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին ներկայացնելու համար: Ներկաները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը փառատոնի կազմակերպման համար և միանշանակ նշեցին, որ Երևանում կայացած փառատոնի բարձր մակարդակը և կազմակերպչական կատարելությունը մի նոր լիցք է տեղերում էլ ավելի լավ աշխատելու և հայրենիքում պատշաճ ներկայանալու համար: |