1

fb you od

Անահիտ Հարությունյանի մենահամերգը Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

176115 276650279118458 535491565 o

Հոկտեմբերի 8-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Անահիտ Հարությունյանի մենահամերգը: Նախաձեռնությունը երկուստեք էր. մշակույթի կենտրոնը նպատակն էր թբիլիսահայ հանդիսատեսին ներկայացնել Անահիտ Հարությունյանի կատարողական վարպետությունը, իսկ Անահիտ Հարությունյանը՝ ամուսնության պատճառով Ֆրանսիա մեկնելուց առաջ ցանկանում էր մենահամերգի միջոցով հրաժեշտ տալ հանդիսատեսին:

Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աշխատակազմի ղեկավար և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանն ասաց, որ չնայած նախատեսված էր Անահիտ Հարությունյանի մենահամերգը, սակայն հարգելով Անահիտին իրենց երգով հրաժեշտ տալու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի շուրջը համախմբված անհատ կատարողների ցանկությունը, ծրագրի մեջ մտցվեցին նաև նրանց կատարումները, մանավանդ որ հոկտեմբերի 8-ին լրացավ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեության մեկ տարին:

190842 276650619118424 1423019893 o

Ժողովրդական, հայրենասիրական, աշուղական, էստրադային երգերի իրենց կատարումները Անահիտ Հարությունյանին նվիրեցին Աննա Պողոսովան, Աննա Հարությունյանը, Անի Ղուշչյանը, Աննա Խանչալյանը, Հենրիխ Պետրոսյանը և Ռուբեն Ոսկանյանը: Համերգն ընթանում էր Պավել Օգանեզովի դաշնամուրային նվագակցությամբ:


Հանդիսատեսին իր բազմաբղետ երգացանկով և կատարողական վարպետությամբ ներկայացավ Անահիտ Հարությունյանը, ով Երևանում մասնակցելով «Սուպերստար» մրցույթին, հայտնվել էր բարձրարվեստ կատարողների վեցնյակում:

Գեղեցիկ հայկական ընտանիք ստեղծելու, բազմաթիվ հայորդիներ մեծացնելու պատգամով Անահիտին շնորհավորանքի խոսքեր ուղղեցին Վիրահայոց Թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հայր Տեր Մանուկ Զեյնալյանը և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը: Վերջինս ՝ Անահիտ Հարությունյանին նվիրեց Պարույր Սևակի բանաստեղծության իր արտասանությունը և փոխանցեց հայկական խորհրդանշական նվերներ:

Շնորհակալության խոսքում Անահիտ Հարությունյանն ընդգծեց, որ իր հետ Ֆրանսիա է տանում Թբիլիսիից, Վիրահայոց Թեմից, «Հայարտուն» մշակույթի կենտրոնից և իր սիրելի հանդիսատեսից այն սերն ու գորովալից վերաբերմունքը, որ միշտ զգացել է նրանց կողմից :

Անահիտ Հարությունյանի և Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի շուրջ համախմբված անհատ կատարողների մասնակցությամբ համերգը վերածվեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի բացման տարեդարձին նվիրված իսկական տոնական հանդիսության: