Պիտոև ընտանիքին նվիրված հուշ-երեկո՝ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» |
Լուրեր |
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված հայ մեծահարուստներ Թբիլիսիում թատերական արվեստի զարգացման նվիրյալներ, արվեստի երկրպագու հայր և որդի Եգոր և Իսայի Պիտոևներին: Հուշ-երեկոյի նախաձեռնողը և ն կազմակերպիչն էր երաժշտագետ, արվեստաբանական գիտությունների դոկտոր Մարիա Կիրակոսովան: Լեփ-լեցուն դահլիճում հավաքվել էին թբիլիսահայ արվեստասեր հասարակայնության, մտավորականության ներկայացուցիչներ, ովքեր եկել էին ավելի մանրամասն լսելու Պիտոև ընտանիքի մասին, որի անվան հետ է կապված Հայ արտիստական ընկերության գործունեությունը Թբիլիսիում և Գոլովինսկու պողոտայի վրա կառուցված Արտիստական Ընկերության թատրոնի շենքի շինարարությունը:
Երեկոյի վարող՝ երաժշտագետ, արվեստաբանական գիտությունների դոկտոր Մարիա Կիրակոսովան, ներկաներին հանգամանորեն ներկայացրեց ազնվական, հայտնի արդյունաբերող Եգոր Պիտոևի, նրա որդի մեծահարուստ Իսայի Պիտոևի և նրա ընտանիքի կյանքի անցած ճանապարհի, թատերական արվեստի նկատմամբ տածած մեծ սիրո, Արտիստական ընկերության ստեղծման և գործունեության մասին: Զեկուցողը մանրամասն պատմեց Արտիստական Ընկերության սկզբնական շրջանում զբաղեցրած շինության և այնուհետև Իսայի Պիտոևի միջոցներով հատուկ Արտիստական Ընկերության համար կառուցված թատրոնի հրաշալի շենքի մասին, որտեղ ներկայումս գործում է Ռուսթավելու անունը կրող պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը: Երաժշտագետի բովանդակալից և հետաքրքիր դասախոսությունը համեմված էր դասական երաժշտության գեղեցիկ համարներով և հոգեհմա բանաստեղծությամբ, որ հնչեցրինշնորհաշատ երգիչներ Սվետլանա Տատոևան և Գիորգի Գաբելաիան, դաշնակահար Վիտալի Կամալովը, ջութակահար Սուսաննա Կամալովան և բանաստեղծուհի Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան: |