«Ջեյրան» համույթը մասնակցեց «Թբիլիսոբա» տոնին |
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը, (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան),ակտիվորեն մասնակցեց Թբիլիսիին նվիրված ավանդական «Թբիլիսոբա» տոնին: Արձագանքելով Վրաստանի «Կանանց խորհրդի» (համակարգող Քեթևան Գաբուաշվիլի) և քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությանը, հոկտեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում «Ջեյրան» պարային համույթը մասնակցեց մեկ ընդհանուր հարսանիքի պարային ցուցադրությանը: Նոր ընտանիքի ստեղծումը դարերից եկող, անընդհատ փոփոխվող, բայց և իր ազգային ինքնությունն ունեցող կոլորիտային հանդիսություն է, որտեղ դրսևորվում են ժողովրդական ավանդույթներն ու ծեսերը: Այդ կոլորիտային հանդեսը տարբեր ժողովուրդների մոտ ունի իր յուրահատկությունը՝ դառնալով երգի-երաժշտության, ժողովրդական ծեսերի պահպանման վառ արտահայտություն: Որոշվել էր ընտանեկան և ժողովրդական հարսանիք տոնի ներկայացմամբ ցույց տալ Թբիլիսիի կոլորիտային դեմքը:
Ռեժիսոր Զուրաբ Գուգուշվիլու բեմադրությամբ «Թբիլիսյան հարսանիքին» մասնակցում էին վեց ազգային պարային խմբեր: Դրանք էին՝ վրացական, աբխազական, օսական, ուկրաինական, ասորական և հայկական պարային խմբերն ու համույթները: Ռեժիսորական մանրակրկիտությամբ, երաժշտական ճիշտ ձևավորմամբ և գեղարվեստական կատարելությամբ ներկայացված թբիլիսյան կոլորիտով ավանդական հայկական հարսանիքը , որով հանդես եկավ «Ջեյրան» համույթը (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան) իր մեջ ներառնում էր ազգային տարազով հանդերձավորված, տոնահանդեսի կենտրոնական դեմքեր՝ հարսի-փեսայի, սկեսուր-սկեսրայրի, քավոր-քավորկնոջ, «աղվեսի» ու հարսանքավորների իր բոլոր յուրահատկություններով մասնակցությունը ժողովրդի սիրելի տոնահանդեսին, որն արժանացավ հանդիսատեսի որոտընդոստ ծափահարություններին: «Ջեյրան« պարային համույթը հայկական և վրացական ժողովրդական պարերի և Հենրիխ Պետրոսյանի կատարմամբ երգերի շուրջ տասը համարով մասնակցեց նաև «Թբիլիսոբա» տոնի երկրորդ օրվա համերգին: Վիրահայոց Թեմի »Ջեյրան» պարային համույթը »Թբիլիսոբա» տոնահանդեսին իր մասնակցությունն ավարտեց քաղաքի «Մեյդան» հրապարակում լայն հասարակայնության առջև ներկայացնելով ավանդական «Հայկական հարսանիքն» իր բոլոր գեղեցկություններով: |