Սուրբ Սարգսի տոնը՝ Երիտասարդության օրհնության օր |
Ն.Ս.Օ. Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Հունվարի 25-ին, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հավաքված հավատացյալների մեծաթիվ թափորը հոգեւոր դասի՝ Տեր Սամվել քահանա Թորոսյանի, Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի, Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի առաջնորդությամբ,
Սուրբ Սարգսի տոնը ավետող նկարներով շարժվեց դեպի Թբիլիսիի Սուրբ Սարգիս Զորավարի անվան խոնարհված եկեղեցի: Մոմավառությունից և աղոթքի արարողությունից հետո թափորը շարժվեց դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց նախատոնակի արարողություն և երիտասարդության օրհնություն: Սուրբ Սարգիս Զորավարի տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Հավատարիմ նվիրական ավանդույթին, եկեղեցում երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ, քանզի Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն ու սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ամենազոր Արարչի օրհնությունը ստացած եւ Սուրբ Սարգսի շնորհով խանդավառված հավատացյալները վերադարձան տները:
|