Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի հաշվետու զեկույցը հոգաբարձուների խորհրդին |
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հունվարի 26-ին կայացավ մշակույթի կենտրոնի հաշվետու զեկույցը հոգաբարձուների խորհրդին: Ներկա էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները, մշակույթի կենտրոնի ղեկավարությունը և բաժինների պատասխանատուները: Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկայացրեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեության ուղղությունները, կատարած աշխատանքները, առաջիկա նպատակները և հեռանկարային ծրագրերը: Սրբազան Հայրը երախտագիտության խոսքեր ուղղեց ՀՀ Սփյուռքի, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով նախարարություններին, համագործակցող հիմնադրամներին և Հոգաբարձուների խորհրդին՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեությանը ցուցաբերած աջակցության համար: Հոգաբարձուների խորհրդի անդամներին բաժանվեց մշակույթի կենտրոնի կատարած աշխատանքների ֆինանսական հաշվետվության փաթեթը: Այնուհետև ներկաները դիտեցին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի կատարած աշխատանքները արտացոլող «Միջոցառումներ» տեսաֆիլմը, որը կենտրոնի գործունեության մասին տեսագրություններից պատրաստել էին համակարգող Լևոն Չիդիլյանը և տեխնիկական բաժնի պատասխանատու Վալերի Բադալյանը: Չնայած այն բանին, որ 60-րոպեանոց տեսաֆիլմով հնարավոր եղավ ցուցադրել 2012 թվականին իրականացրած աշխատանքների միայն մի մասը , սակայն դա ներկաների վրա թողեց գերազանց տպավորություն, ամրագրելով խոր համոզվածություն այն բանում, որ «Հայարտուն» կենտրոնում ընթանում է ամենօրյա արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Միանշանակ կարծիք արտահայտվեց օժանդակել մշակույթի կենտրոնի գործունեության ընդարձակմանը և դեպի տարածաշրջաններ ծավալվելուն: |