Ապրիլի 20-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոն այցելեց հանրաճանաչ երաժիշտ Տիգրան Մանսուրյանը քրոջ՝ Սոնյա Մանսուրյան-Աշջյանի հետ: Մաեստրոն Թբիլիսի էր ժամանել ներկա գտնվելու աշխարհահռչակ Կիմ Կաշկաշյանի մասնակցությամբ Վրաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որի ծրագրում ընդգրկված էր նաև իր ստեղծագործությունը:
Հարգարժան հյուրերին ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Անվանի երաժիշտը մոմ վառեց և աղոթք բարձրացրեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, եղավ «Հայարտուն» կենտրոնում: Մաեստրոն կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում հուզմունքով դիտեց Հայոց Մեծ Եղեռնին նվիրված վիրահայ նկարիչների «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները: Ականավոր երաժիշտը ներկա գտնվեց կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալիի» անվան կրտսեր երգչախմբի պարապմունքին և ունկնդրեց նրանց կատարումները, որից հետո զրուցեց «Սուրբ Գրիգոր Նարեկացիի» անվան կիրակնօրյա դպրոցի սաների հետ, դիտեց «Սուրբ Մովսես Խորենացու» անվան նախակրթարանի սաների «Գարնանը նվիրված միջոցառման տեսագրությունը: Երաժշտության տաղանդաշատ վարպետը երախտագիտության խոսքեր ասաց Վիրահայոց Թեմի առաջնորդին, ում անմիջական ղեկավարությամբ «Հայարտուն» կենտրոնում իրականացվում է ազգանվեր գործունեություն: Այնուհետև Տիգրան Մանսուրյանը և տիկին Սոնյա Մանսուրյան-Աշջյանը հանդիպում ունեցան թբիլիսահայ մտավորականության և մշակույթի ներկայացուցիչների հետ: Կայացած ջերմ զրույցի ընթացքում շոշափվեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Տիգրան Մանսուրյանը Վիրահայոց թեմի առաջնորդի հետ, թբիլիսահայ մտավորականության ուղեկցությամբ այցելեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ ծաղիկներ դրեցին և մոմ վառեցին ու խնկարկեցին նախնիների շիրիմներին: Նույն օրը երեկոյան թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչները Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ միասին ներկա գտնվեցին Թբիլիսիի Եվգենի Միքելաձեի անվան ազգային երաժշտական կենտրոնում Կիմ Կաշկաշյանի մասնակցությամբ և Նիկոլոզ Ռաճվելիի դիրիժորությամբ կայացած պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որտեղ վրացի և հայ երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչները ի թիվս այլ ստեղծագործությունների ունկնդրեցին Տիգրան Մանսուրյանի հիասքանչ երաժշտությունը:
|