Ապրիլի 26-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» շարքից կայացավ «Չսպիացող վերքը» խորագրով հուշ-երեկո: Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումը նախաձեռնել էր Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի գլխավորությամբ:
Հուշ-երեկոյին մասնակցում էին կրթօջախի հայկական բաժնի երրորդից 9-րդ դասարանի աշակերտները: Խորհրդանշական էր, որ ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոն անցկացնելու վայր էր ընտրվել Աստծո Տունը՝ Սուրբ Էջմիածին եկեղեցին: Ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր հայրերը, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, թիվ 103 դպրոցի ուսուցիչներ, ծնողներ, հավատացյալներ: Գրական մոնտաժը հագեցած էր հայոց չսպիացող վերքը արտացոլող վավերագրական տեսանյութով, որը դառնալով ցեղասպանության փաստացի վկայագրություն նաև այդ դաժան տարիների արհավիրքների ցուցադրում էր: Միջոցառման ավարտին «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը կարևորեց անմեղ զոհ դարձած նախնիների հիշատակի առջև խոնարհվելու և սերունդներին այդ ոգով դաստիարակելու անհրաժեշտությունը, քանզի ցեղասպանությունը ճանաչելու պահանջը նաև ցեղասպանության դեմ պայքարելու միջոց է: Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղեց մանկավարժ Գայանե Մխիթարյանին, ում ջանքերով սերունդները ճանաչում են իրենց պատմությունը, իսկ այս հուշ-երեկոն անվանեց ցեղասպանությունը ճանաչելու և հատուցելու պահանջատիրություն: Հոգևոր հայրը վաստակաշատ մանկավարժին նվիրեց «Աստվածաշունչ», իսկ Լևոն Չիդիլյանը հուշ-երեկոյի մասնակիցներին բաժանեց «Հայարտան» հրատարակած գրքերից: |