Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում տեղադրվեց Սուրբ Սեղանը |
Հայաստանաբնակ քանդակագործ Անդրանիկ Սարգսյանը վաղուց մտահղացում ուներ կերտելու Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում 1844 թվականին կառուցված «Սուրբ Աստվածածին» եկեղեցու խորանը: Ահավասիկ, 2013 թվականի հունիսի 21-ին եկեղեցասեր արվեստագետը իրականություն դարձրեց իր վաղեմի երազանքը: Հայաստանի վարդագույն տուֆից և մարմարից քանդակված գեղեցիկ կերտվածքը, հիասքանչ Սուրբ Սեղանը նույնքան հմուտ ձեռքերով տեղադրվեց եկեղեցու խորանին: Քանդակագործին այդ գործում օգնեցին և իրենց աջակցությունը ցուցաբերեցին Մառնեուլիի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանը և համայնքի ջանասեր երիտասարդները: Այս ուրախության առիթով Թբիլիսիից ավան ժամանեց նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ առաջնորդության և «Հայարտուն» կենտրոնի պաշտոնեության հետ միասին: Նա իր օրհնությունը բաշխեց քանդակագործ Անդրանիկ Սարգսյանին: Նկատելի էր նաև համայնքի աշխուժությունը: Շատերը վաղ առավոտից այցելում էին եկեղեցի՝ դիտելու գեղեցիկ Սուրբ Սեղանը Աստվածամոր հրաշալի պատկերով: Առաջնորդը նույն օրը շքախմբի ուղեկցությամբ այցելեց նաև մեկ այլ տաճար, որը խորհրդային տարիներին վերածվել է մշակույթի տան: Ավաղ, տաճարը գտնվում է թշվառ վիճակում: Սրբազան Հայրը հոգևոր դասի և աշխարհիկ անդամների հետ աղոթք բարձրացրեց, որ Տիրոջ օրհնությամբ և համայնքի աջակցությամբ ամբողջանան և ավարտվեն «Սուրբ Աստվածածին» եկեղեցու վերանորոգման աշխատանքները և մի օր էլ իր դռները հավատացյալների առջև բացի նաև մշակույթի տան վերածված 19-րդ դարի կառույց հինավուրց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցին: Վիրահայոց Թեմն իր երախտագիտություն |