ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն 2013» ծրագրի երրորդ փուլին մասնակցում է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի խումբը |
Հուլիսի 9-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դալիճում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:Այս փուլին մասնակցում է շուրջ 170 պատանի և աղջիկ Ռուսաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Իսրայելից և Բելառուսից: Հուլիսի 7-ին, Վիրահայոց թեմի «Հայաարտուն» կենտրոնի երիտասարդական խումբը, թվով 23 պատանի և աղջիկ, թեմի տեղեկատվական ծառայությունների բաժնի պատասխանատու Վալերի Բադալյանի ուղեկցությամբ, միացան Սփյուռքի երիտասարդներին և ընդգրկվեցին «Արի տուն» ծրագրին: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և շնորհակալական խոսքեր ուղղեց մասնակիցների ծնողներին, ովքեր լսել են ՀՀ սփյուռքի նախարարության կանչը և վստահ իրենց զավակներին ուղարկել Հայաստան: «Մենք անսահման շնորհակալ ենք նաև մեր հյուրընկալ ընտանիքներին, ովքեր 10 օր շարունակ պահում և հոգ են տանում օտար ափերից Հայրենիք ժամանած պատանիներին և աղջիկներին», - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով. «Շնորհակալ ենք հատկապես Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզպետարաններին և Երևանի վարչական շրջաններին, որոնք սիրով իրենց դռներն են բացում մեր մասնակիցների առաջ»: Տիկին Հակոբյանը նշեց նաև, որ մասնակիցների համար կազմակերպվել են Մայրենիի դասընթացներ. «Հաջորդ ուրբաթ մենք կհանդիպենք և կտեսնենք, թե Ձեզանից ով՝ որքան է հայերեն սովորել»: Այնուհետև մասնակիցներին ողջունեց Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը: Ելույթներով հանդես եկան Վրաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Գերմանիայի ներկայացուցիչներ |