Հուլիսի 14-ին, արդեն 29-րդ անգամ, հայ աշուղական արվեստի կարկառուն դեմք Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան) ավանդական մեծարման օրը նրա երգարվեստի սիրահարները հավաքվել էին աշուղի ծննդավայրում՝ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում: Տոնական օրն սկսվեց մեկ տարի առաջ վերանորոգված և վերաօծված Կարծախ գյուղի 1830-ական թվականների կառույց Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագով: Պատարագիչն էր համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը: Հավարտ Սուրբ Պատարագի՝ հավատացյալներին շնորհավորական քարոզով օրվա խորհրդի խոսք հղեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը: Պատարագի Սրբազան վերջավորությանը նաև կատարվեց հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ մեծահամբավ Ջիվանու: Այնուհետև հոգևոր դասը տեղի իշխանության ներկայացուցիչների հետ միասին այցելեց գյուղի կենտրոնում տեղադրված Մեծն Ջիվանու արձանին և վարդեր դրեցին հրապարակախոս ու փիլիսոփա, բարոյագետ ու երգաստեղծ աշուղ Ջիվանու հուշարձանին:
Տոնական հանդիսությունը բացեց Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:Նա շնորհավորեց ժողովրդին տոնի առիթով և հանգամանորեն ներկայացրեց շրջանում իրականացված լայնածավալ մշակութային աշխատանքները որպես աշուղ Ջիվանու արվեստի և մշակույթի ժառանգություն:
Խոսքով հանդես եկավ նաև Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը: Ջիվանուն նվիրած իրենց բանաստեղծությունները ընթերցեցին բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին և Գևորգ Հայասան, ապա սկսվեց Ախալքալաքի շրջանի մշակույթի բաժնի ծրագրով՝ Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսը, որին մասնակցեցին ինչպես Ախալքալաքից, այնպես էլ մերձակա գյուղերից ժամանած երգի-պարի համույթները և անհատ կատարողներ:
Միջոցառման ավարտին հավաքված ժողովրդին օրհնության խոսք հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:Սրբազան Հայրը արժևորեց այն, որ մեծանուն աշուղ Ջիվանու հոգին այսօր էլ ուղորդում է կարծախցիներին և Ջավախքի արվեստասեր հայությանը, որ նրա ոգով վերականգնվեց գյուղի տաճարը, որ նրա արվեստն է ամեն տարի հավաքում հազարավոր մարդկանց Ջավախքի գողտրիկ այս անկյունում և մեկ անգամ ևս գերում աշուղական երգարվեստով, այն հոգեբուխ երգով, որը թևածում է Ջավախքի լեռներում, գետերում, լճերում և ամեն մեկի սրտի մեջ:
Արարողությունն ավարտվեց ավանդական հյուրասիրությամբ: Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային ժողովների, շրջանային վարչությունների ղեկավարները և պաշտոնեությունը, նահանգային տարբեր ծառայությունների ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանի անդամներ. Ախալքալաքից պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանը և Նինոծմինդայից պատգամավոր՝ Հենզել Մկոյանը, Սամցխե-Ջավախքի փոխնահանգապետ Հարություն Հովհաննիսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Ջիվանու ավանդական տոնին Հայաստանի Հանրապետությունից ժամանած հյուրերի շարքում էին ՀՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտնականները՝ տնօրեն Աշոտ Մելքոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամներ, բարերարներ Արամ Սանոսյանը և Ռաֆիկ Աղաջանյանը, Նինոծմինդայի «Ղարսլյան արվեստի կենտրոնի» հիմնադիր և բարերար Արմեն Ղարսլյանը, ինչպես նաև արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ, աշուղական երգի սիրահարներ: Կարծախ գյուղում մինչև ուշ թևածում էր աշուղ Ջիվանու հոգեպարար երգն ու խոսքը:
|