1

fb you od

Մեկնարկեց Վիրահայոց Թեմի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը PDF Տպել Էլ.փոստ

cerovani 1

Սույն թվականի հուլիսի 16-ին,Վրաստանի Ծերովանի բնակավայրում, «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագրի» շրջանակներում, մեկնարկեց քառօրյա ճամբարը: Ճամբարում անցկացրած օրերի ընթացքում Վրաստանի հայաբնակ շրջաններից և գյուղերից ժամանած թվով 36 երիտասարդներ կանցնեն երիտասարդ համայնքային առաջնորդների վերապատրաստման դասընթաց: Նրանք դասախոսություններ կլսեն հայ ժողովրդի և եկեղեցու պատմության, Թբիլիսիի հայկական պատմա-մշակութային կոթողների, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների, քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման թեմաներով: Կանցնեն տեղերում մշակութային կյանքը զարգացնելու վարժանքներ:

Ծրագիրը նախաձեռնել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի երիտասարդական բաժինը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով և ՀՀ Սփյուռքի նախարարության ու Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ:

Ծրագրի հանդիսավոր բացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի ժողովրդական պաշտպանի Հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին, Մառնեուլիի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ տեր Մովսես քահանա Աշուրյանը, Ծալկայի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Մանուկյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արտակ Կալաչյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավարության և պաշտոնեության ներկայացուցիչներ:

Տերունական աղոթքից հետո ծրագիրը բացեց «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ և երիտասարդական բաժնի ղեկավար Գևորգ սարկավագ Անտոնյանը: Նա խոսեց ծրագրի նպատակի և ճամբարային առօրյայով այն իրականացնելու նշանակության մասին:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը ողջունելով երիտասարդությանը և ներկա գտնվող հասարակությանը, արժևորեց սույն ծրագրի գործարկումը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական, քանզի հետամուտ է հայաբնակ տարածաշրջաններում հայ ներուժի համախմբմանը և տեղերում ազգապահպան գործունեության աշխուժացմանը: Դեսպան Հովհաննես Մանուկյանը անդրադարձ կատարեց նաև հայ-վրացական փոխհարաբերությունների,Վրաստանում հայի ազգային ինքնության պահպանման և խորացման գործում Վրաստանի մեծաթիվ համայնքի ներուժի ներդրմանը:

Ծրագրի մեկնարկումը ողջունեցին և երիտասարդներին արդյունավետ հանգիստ և համայնքային կյանքում գործելու նոր եռանդ մաղթեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, իրավաբանական բաժնի պատասխանատու Լևոն Իսախանյանը և ուրիշներ:

«Ժողովրդական պաշտպանի դերակատարությունը Վրաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում» թեմայով դասախոսություն կարդաց Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի Հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին: Վերջինս հանգամանալից խոսեց ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների շուրջ, կարևորելով օմբուդսմենի գրասենյակին կից գործող ազգային փոքրամասնությունների 105 կազմակերպություններ և 24 կրոնական միավորումներ ներկայացնող երկու խորհուրդների գործունեությունը: Դասախոսության ավարտին երիտասարդները բանախոսին առաջադրեցին իրենց հետաքրքրող հարցերը:

«Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագրով» Ծերովանիի չորսօրյա ճամբարի աշխատանքին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա բարձր գնահատեց ծրագրի նպատակը՝ հայաբնակ տարածաշրջաններում մշակութային կյանքը աշխուժացնելուն, վրաց հասարակությանը ինտեգրվելուն, այս երկրի լիիրավ քաղաքացիներ և մայր հայրենիքի ու Սուրբ Էջմիածնի լավ զավակներ աճեցնելուն միտված երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը: Սրբազան Հայրը ծրագրի իրականացման համար երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր աջակիցներին, հովանավորներին և կազմակերպիչներին:

Ճամբարային օրերի ընթացքում հայ երիտասարդները հանդիպումներ կունենան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի, Վրաստանի վերինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլու և Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլու հետ: Վերապատրաստման դասընթացները կշարունակվեն մինչև հուլիսի 19-ը ներառյալ:

cerovani 2   cerovani 3

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)