1

fb you od

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը PDF Տպել Էլ.փոստ

hogevor joghov

Հուլիսի 30-31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով:

Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց խորհրդի անդամներին, որ ընդառաջ հրավերին ժամանել են Մայր Աթոռ` քննարկելու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներ, հայ հավատացելոց կյանքը հուզող խնդիրներ: Ընդլայնված կազմով Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովին իր մասնակցությունն էր բերել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ժողովի նիստերն ատենապետեց Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Գերագույն հոգևոր խորհրդին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված` Մայր Աթոռի միջոցառումների վերաբերյալ զեկույց ներկայացրեց հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ի գիտություն ընդունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցը Թեմական ուղենիշային կանոնադրության պահանջներին թեմերի կանոնադրությունների համապատասխանեցման գործընթացի վերաբերյալ:

Տեղեկություններ ներկայացվեցին սեպտեմբերի 21-28-ը Մայր Աթոռում գումարվելիք Հայ Եկեղեցու Ընդհանուր եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

Եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագծի լրամշակման աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ հանձնախմբի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: ԳՀԽ անդամները գնահատանքով ընդունեցին զեկույցը` թելադրելով հանձնախմբին շարունակել կանոնադրության լրամշակման գործընթացը:

Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարական գրությունը, ինչպես և Ֆրանսիայի հայոց թեմում դրան առնչված զարգացումների հետ կապված հարցեր:

Հետ քննարկության Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից և խնդրանք ներկայացրեց Վեհափառ Հայրապետին հաստատելու այն:

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ափսոսանք հայտնեց հրաժարականում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին ուղղված անհիմն գնահատականների առնչությամբ: Գերագույն հոգևոր խորհուրդն իր զորակցությունը հայտնեց Ֆրանսիայի հայոց թեմի թեմական խորհրդին ստեղծված իրավիճակի կարգավորման գործում` հորդորելով նաև թեմի հավատացյալներին և ազգային հաստատություններին ու կազմակերպություններին` քրիստոնեական սիրո ոգով նպաստել Ֆրանսիայի հայոց թեմի բարեկարգությանը և շինությանը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)