1

fb you od

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց բարեկամության օրվան նվիրված միջոցառումներին PDF Տպել Էլ.փոստ

nk

Հուլիսի 30-ը,ՄԱԿ-ի որոշմամբ հռչակված է Բարեկամության օր: Այն ըստ արժանվույն նշանավորվեց Վրաստանի բազմազգ մայրաքաղաքում: Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, հուլիսի 30-ից առ օգոստոսի 5-ը կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, որոնք դարձան այն քաղաքի նկարագրի դրսևորումը, որը իրավամբ ներթափանցված է տարբեր ազգի ներկայացուցիչների համակեցությամբ ու բարեկամության ոգով:

Միջոցառումները բազմաբնույթ էին, մասնակիցները՝ այս քաղաքի տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի գրողների միության նախաձեռնությամբ Բարեկամության օրվան նվիրված մարաթոնը մեկնարկեց Վակեի զբոսայգու նորաբաց գրադարանում:Միջոցառմանը ասմունքով, երգ ու պարով մասնակցեցին նաև մայրաքաղաքի հայ երիտասարդներ Լիկա Մարգարյանը, Վազգեն Սումբատյանը, Արամ Հարությունյանը, Աննա Միքայելյանը և ուրիշներ:

Թբիլիսահայ համայնքը հավուր պատշաճի ներկայացավ նաև օգոստոսի 1-ին Ազգային գրադարանում տեղի ունեցած միջոցառմանը: Այստեղ իր գեղանկարչական կտավներով ներկայացավ նկարիչ Արտեմ Ալաբուլյանցը, ազգային պարով և բանաստեղծության ընթերցմամբ հանդես եկան Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան) և ասմունքող Լիզա Թորոսյանը, իսկ հայ համայնքի մասին խոսեց երիտասարդ մենակատար Հովհաննես Շահնազարյանը:

Մարաթոնը եզրափակեց Վարկեթիլի նորաստեղծ գրադարանում Վրաստանի Կանանց խորհրդի՝ նախագահ՝ Մզեքալա Շանիձեի, փոխնախագահ Քեթևան Գաբուաշվիլու նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ օգոստոսի 5-ին տեղի ունեցած Բարեկամության երեկոն:

Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Թբիլիսիում գործող 12 համայնքային կազմակերպություններ: Վիրահայոց Թեմը ներկայացնում էին Դավթյան տիկնիկային մշակույթի տունը և «Վանք» պարային համույթը:

Բարեկամության երեկոյին ներկա էին փոխքաղաքապետ Սեվդիա Ուգրեխելիձեն, քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի վարիչ Շոթա Մաղլակելիձեն, Թբիլիսիի մշակութային միջոցառումների ծառայության պետ Նեկա Սեբիսկվերաձեն, համայնքային կառույցների ղեկավարներ, բազմազգ Թբիլիսիի ներկայացուցիչներ: Միջոցառումը վարում էր ճանաչված երգչուհի Իրմա Սոխաձեն:

Տարբեր համայնքների կողմից կազմակերպվել էր ազգային ցուցադրափեղկ: Վիրահայ համայնքը ցուցադրել էր Գայանե Խաչատրյանի երեք կտավ և ազգային նվագարանների նմուշներ: Տարբեր ժողովուրդների ազգային քաղցրավենիքների շրջանում տեղ էին գտել հայկական գաթան, փախլավան և հալվան: Առանձնահատուկ էր հյուրերի և մասնակիցների հետաքրքրությունը հայկական անկյան նկատմամբ:

Վրացական երգ ու պարից հետո, որպես Թբիլիսիի ամենահին և բազմազգ քաղաքի շինարարության ակունքներից եկող բարեկամության ներկայացուցիչ հանդես եկավ հայ համայնքը:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, ներկայացնելով թբիլիսահայ համայնքը և Վիրահայոց Թեմը հիշատակեց բարեկամության նվիրյալներ Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի, Սերգո Փարաջանովի և Գայանե Խաչատրյանի անունները, կարևորեց Վիրահայ թեմի «Հայարտուն» կենտրոնը, որտեղ ազգային պարն ու երգն են զարգացնում տարբեր համույթներ, որոնց շնորհիվ թբիլիսահայը ամենուրեք կարողանում է հպարտորեն ներկայանալ իր ազգային մշակույթով ու արվեստով:

Այնուհետև Դավթյան տիկնիկային մշակույթի տան բարի տիկնիկ «Հագոն», տնօրեն Ժաննա Դավթյանի օգնությամբ, գերեց ներկաներին Գևորգ Էմինի «Զարմանալի հայ» բանաստեղծությամբ, որ հիանալիորեն հնչեց Լևոն Չիդիլյանի ասմունքով: Ու տարածվեց բեմահարթակում հայկական ուրախ հարսանյաց հանդեսի երգն ու պարը իր բոլոր ծեսերով, որ կատարեցին «Վանք» պարային համույթի տղաներն ու աղջիկները, պարուսույց Լիանա Կաշավանիձեի գլխավորությամբ:

Ազգագրական համարներով տարածվեցին ուկրաինական, լեհական, մերձբալթյան երկրների, ռուսական, եզիդական, գնչուական, օսական, աբխազական երգն ու պարը: Միջոցառում, որ իսկական բարեկամության տոն էր, ավարտվեց Ռևազ Լաղիձեի «Թբիլիսո» երգի միասնական կատարմամբ:;

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)