1

fb you od

Արցախցի ուսուցիչները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

usucichner-arcakhic

Օգոստոսի 7-9-ը, Թբիլիսիում հյուրընկալվեցին Ստեփանակերտի մի քանի դպրոցների ուսուցիչներ: Ուղևորությունը դեպի Թբիլիսիի տեսարժան վայրեր կազմակերպել էր արդեն մի քանի անգամ Վրաստանի մայրաքաղաք այցելած Ստեփանակերտի թիվ 2 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Մեսրոպյանը:

Ստեփանակերտից ժամանած երկու տասնյակից ավելի մանկավարժներին իր տանը հյուրընկալեց միշտ եկեղեցու կողքին կանգնած, հավատացյալ Գևորգյանների ընտանիքը: Շուրջ երեք օր արցախցի հյուրերը վայելեցին տիկին Վիոլետտայի և այս ընտանիքի մյուս անդամների ջերմությունն ու հյուրասիրությունը:

Ուսուցիչներին դիմավորեցին և Թբիլիսիում գտնվելու օրերը հետաքրքիր և բովանդակալից դարձնելուն օժանդակեցին Վիրահայոց Թեմի սոցիալական հարցերով պատասխանատու Միքայել Ավագյանը և տնտեսական և շին-վերանորոգման հարցերով տնօրեն Կարեն Երիցյանը:

Ուսուցիչների շրջագայությունը Թբիլիսիում սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնից: Այնուհետև հյուրերը այցելեցին վրացական պատմա-մշակութային կենտրոն Մցխեթա քաղաքը, բարձրացան Նարիղալա բերդ-ամրոցը, եղան Սուրբ Երրորդության տաճարում:

Արցախի ուսուցիչներին ընդունեց և տիկնիկների անկրկնելի խաղը ներկայացրեց Դավթյան տիկնիկային մշակույթի տան տիրուհի Ժաննա Դավթյանը: Իսկ հանքային բաղնիքների թաղամասը, հին քաղաքը հյուրերին հիշեցրեց Թբիլիսիի ստեղծման պատմությունը և նրա հիմնադիր Վախթանգ Գորգասալիի մասին, դիտեցին Թբիլիսիի հայոց մշակուշային կոթողները, մասնակցեցին Սուրբ Էջմիածին եկեղեցում տրված Սուրբ Պատարագին:

Ուսուցիչները եղան Մթածմինդայի զբոսայգում, հիացան երեկոյան քաղաքի գեղեցկությամբ: Նրանց ճանապարհորդությունը Թբիլիսիում ավարտվեց ի պատիվ արցախցի հյուրերի Վիրահայոց Թեմի անունից տրված ընթրիքով:

Անջնջելի տպավորություններով, վառ հուշերով և շնորհակալության խոր զգացումով ուսուցիչները վերադարձան հայրենի Արցախ:

DSCN3623 DSC01264

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)