Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանն ընդունեց իր սաներին |
Սեպտեմբերի 3-ին մանուկների առջև իր դռները բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոնի Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանը: Երեքից մինչև 6 տարեկան հասակի, թվով 25 փոքրիկներ, ծնողների հետ միասին, ծաղկեփնջերով առավոտյան ներկայացան մանկապարտեզ: Նրանց դիմավորեցին և պատրաստակամ հոգատարությամբ ընդունեցին թեմի կրթական բաժնի պատասխանատու, նախակրթարանի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, ոսուցչուհի Նարինե Ղուշչյանը, դայակ Լուսինե Պողոսյանը: Փոքրիկները ծնողների ուղեկցությամբ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում մասնակցեցին առավոտյան ժամերգությանը, որից հետո երեխաներին օրհնության խոսք ասաց և նախակրթարանում ուրախ և երջանիկ օրեր մաղթեց Սբ. Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Ուսուցիչների և ծնողների հետ նկարվելուց հետո Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանում մեկնարկեց նոր ուսումնական տարին: Փոքրիկներին մանկապարտեզային ժամանակաշրջանի առաջին օրվա կապակցությամբ շնորհավորեց և բոլոր երեխաներին քաղցրավենիքով հյուրասիրեց Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանը գործում է 2011 թվականից: Նախակրթարանը իր սաներին նախապատրաստում է հայերենով ուսումնառության համար: Այստեղ գործում է երկու՝ կրտսեր և ավագ խումբ: Նախակրթարանի անցյալ ուսումնական տարվա 16 շրջանավարտներից 10 ընդունվեց հայոց դպրոց: Ներկայումս նախակրթարանում հաշվվում են 50 երեխաներ:
|