Վերաօծվեց Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին |
Երկուշաբաթի, 09 Սեպտեմբեր 2013 08:02 |
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, Սուրբ Աստվածամոր ծննդյան տոնին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Փոքր Դաղեթ գյուղը լեցուն էր Թբիլիսիից և հարակից Մեծ Դաղեթ և Շամշուլդա գյուղերից ժամանած ուխտավորներով: Վիրահայոց թեմի առաջնորդը օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները, Մկրտության ավազանը, Սրբապատկերները, որից հետո Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Թեթրիծղարոյի և Բոլնիսի շրջանների այցելու հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը մատուցեց անդրանիկ Սուրբ Պատաարագը: Մեծ էր հավատացյալ ժողովրդի ուրախությունը, ովքեր դեռ նախորդ օրվանից պատրաստվել էին և հոգևոր ուրախությամբ Տեր Հոր ձեռքից ստացան անդրանիկ Պատարագի հաղորդությունը: Դաղեթը, Դաղեթ-Խաչենը, հայաբնակ գյուղ է Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ՝ հարավ-արևելք: Գյուղը զբաղվում է հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ 18-րդ դարում կառուցված եկեղեցին տասնամյակներ շարունակ փակված էր և գտնվում էր վթարային վիճակում, սակայն ծնունդով Դաղեթից, ռուսաստանաբնակ Արսեն Աղամիրյանի, Սեյրան Փերիխանյանի, Արտյոմ Առուշանյանի և Լևոն Կարախանյանի բարերարությամբ վերանորոգվեց Աստծու տունը: Այս գողտրիկ անկյունում, ներդաշնակ բնության գեղեցկության հետ փոքրիկ եկեղեցում Պատարագի մեղեդիները և շարականների երգեցողությունը կարծես հավատքի և հույսի փրկություն տարածվելով՝ շուրջբոլորը ստեղծեցին խորհրդավոր բաց խաղաղություն: Հավարտ Սրբազան Պատարագի ուխտավորներին մատուցվեց ավանդական մատաղը և տեղի ունեցավ հյուրասիրություն
|