1

fb you od

Կրկին Գուսան Հավասու երգն էր իշխում Ծալկայի շրջանի Այազմա գյուղում PDF Տպել Էլ.փոստ

Havasi

Սեպտեմբերի 8-ին, Ծալկայի շրջանի գեղատեսիլ Այազմա գյուղում կրկին աշուղական երգի տոն էր: Այն գյուղի ծնունդ գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը նվիրված հերթական դաշտահանդեսն էր, որ դարձել է ավանդական: Երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդության հետևանքով տեսողությունից զրկված Արմենակը հոր հորդորանքով սովորում է աշուղական արվեստը և արդեն տասներկու տարեկան հասակում ընկերակցելով տեղի աշուղների հետ, շրջագայում է գավառի գյուղերում, ձեռք բերելով ճանաչում և սեր:

1991 թվականից մեկնարկած և ամեն տարի սեպտեմբերին նշվող ՀՀ ժողովրդական արտիստ գուսան Հավասու հիշատակին նվիրված ավանդական աշուղական տոնին ժամանել էին հյուրեր Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններից, Թբիլիսիից և Երևանից, պարզապես գուսանական արվեստի երկրպագուներ և գնահատողներ: Դաշտահանդեսին ներկա էին Ծալկայի շրջանային վարչության նախագահ Ջոննի Սաբաձեն, ժողովրդական ժողովի փոխնախագահ Գոչա Խաչատրյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ծնունդով ախալքալաքցի Տաճատ Վարդապետյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը և ուրիշներ:

Միջոցառումը տերունական աղոթքով և օրհնության խոսքով բացեց Ծալկայի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Մանուկյանը: Բոլոր ելույթ ունեցողները անդրադարձ կատարելով Ջավախքում գուսանական արվեստի զարգացման ուղուն, ի մասնավորի խոսեցին Գուսան Հավասու՝ որպես աշուղական երգի տաղանդավոր ներկայացուցչի, նրա երգերի թեմատիկայի բազմազանության և գեղարվեստական բարձր արժանիքների մասին:

Տոնական հանդեսը, որ կազմակերպել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, (գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզով) բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, »Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Նա կոչ արեց Ծալկայի շրջանի գյուղերում ստեղծել սիրողական երգի-պարի խմբակներ, առաջարկելով կենտրոնի աջակցությունը:

Ու տարածվեց ուրախ երգն ու պարը Այազմա գյուղի վրա: Դաշտահանդեսը բացեց Ծալկայի շրջանի մշակույթի տան երգի-պարի «Թաոբա» (Սերունդ) մանկա-պատանեկան խումբը: Այնուհետև հնչեցին գուսան Հավասու մեղմածոր երգերը՝ հագեցած լեռնաշխարհի բնության վեհությամբ, նազանքով և յայլա գնացող կանանց ու աղջիկների գեղեցկությամբ, դաշտերում ու լեռներում ջանասիրաբար աշխատող մարդկանց նվիրվածությամբ։

Մեկը մյուսի ետևից ելույթ ունեցան Նինոծմինդայի շրջանի մշակույթի տան «Փարվանա» երգի-պարի համույթը, Ծալկայի շրջանի Նարդևան գյուղի նորաստեղծ «Կայծեր« պարային համույթը: Տոնական հանդեսը եզրափակեցին «Հայարտուն» կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան) և կենտրոնի հովանու ներքո ելույթ ունեցող անհատ կատարողներ Անի Ղուշչյանը, Աննա Պողոսովան, Հենրիխ Պետրոսյանը և Հովհաննես Շահնազարյանը:

Գուսան Հավասու մեղմանուշ երգը թևածեց Այազմայի երկնակամարում, որպես իսկական աշուղական երգի անմահության գրավական:

PENT3325 PENT3170

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)