Սեպտեմբերի 25-ին, Թբիլիսիի «Arthall” համերգային դահլիճում կայացավ համերգ՝ ՀՀ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» և «Դուդուկի ընտրյալ» նախագծերի հաղթող և մասնակից շնորհալի երգիչների և նվագարանների կատարողների մասնակցությամբ: Բարեգործական համերգը, որը վերածվեց հայ ժողովրդական երգի տոնի, նվիրված էր Սայաթ-Նովայի 300-ամյակին: Համերգի նպատակն էր Հայաստանից դուրս հայաբնակ վայրերում հնչեցնել հայ ժողովրդական երգն ու երաժշտությունը: Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ծալկայում բարեգործական համերգներից հետո խմբի հերթական կանգառը Թբիլիսին էր: Այստեղ համերգը տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության բարձր հովանու ներքո, Վիրահայոց թեմի առաջնորդի, «Հայարտուն» կենտրոնի և հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Սոս Սահակյանի աջակցությամբ: Համերգին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապի վարչության պետ Տարոն Շագոյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:
Ու հնչեցին ու տարածվեցին բազմամարդ դահլիճում սայաթնովյան անմահ ստեղծագործությունները, գուսանական ու ժողովրդական երգն ու երաժշտությունը՝ դուդուկի, դհոլի, զուռնայի և ժողովրդական մյուս նվագարանների կենդանի կատարումներով: Բուռն ծափահարություններով ուղեկցվող համերգը շուտով իր տրամադրության տակ առավ հանդիսատեսին:
Համերգի ավարտին բեմահարթակ բարձրացան ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Տարոն Շագոյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, Թբիլիսիի Վանք» պարային համույթի անդամները և պարուսույց Լիանա Կաշավանիձեն: Թեմի մշակույթի բաժնի պատասխանատուն և կենտրոնի համակարգողը շնորհակալության խոսքեր ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարարությանը, Վիրահայոց թեմի առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնի բոլոր աշխատակիցներին և բարերար Սոս Սահակյանին համերգի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար: Պարուսույց Լիանա Կաշավանիձեն շնորհակալություն հայտնելով հայ երգը մայր հայրենիքից դուրս տարածելու ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնության համար, պարոն Տարոն Շագոյանին նվիրեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու պատկերով կտավ և հուշանվերներ՝ համերգի բոլոր մասնակիցներին:
Բարեգործական համերգն ավարտվեց ընդհանուր հայկական շուրջպարով:
|