1

fb you od

Վիրահայոց թեմում բացվեց դհոլի դասարան PDF Տպել Էլ.փոստ

dhol2 

Հոկտեմբերի 15-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ ժողովրդական նվագարանի՝ դհոլի դասարանի հանդիսավոր բացումը: ՀՀ Սփյուռքի նախարարության օժանդակությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, թբիլիսահայ 7-15 տարեկան հասակի պատանիներին հնարավորություն ընձեռվեց սովորել հայ ազգային նվագարան դհոլ նվագելու վարպետությունը:

Շնորհանդեսին ներկա էին սովորել ցանկացող հայորդիները իրենց ծնողների հետ, ինչպես նաև ազգային նվագարաններով հետաքրքրվող անձինք:

Բացելով շնորհանդեսը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ներկայացրեց ուսուցիչ Ռոբերտ Կաշավանիձեին, ով դհոլահար է և երկար տարիներ նվագակցել է տարբեր ժողովրդական համույթների և անհատ կատարողների ելույթներին: Կենտրոնի համակարգողը կարևորեց Վիրահայոց թեմիհովանավորությունը և ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությունը դասընթացների կազմակերպման և դհոլներով դասարանը ապահովելու գործում:

Ողջունելով դհոլի դասարանի բացումը՝ Վիրահայոց թեմի առաջնոորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հիշեց ժողովրդական երգի և երաժշտության տարածման նվիրյալ, ազգային նվագարանների վարպետ նվագող երջանկահիշատակ Մուկուչ Ղազարյանին, ում ջանքերի շնորհիվ Թբիլիսիում ստեղծվել ու գործում էր «Սայաթ-Նովա» ժողովրդական երգի-պարի համույթը և որի դհոլահարը իր ժամանակին եղել է ներկայիս ուսուցիչը: Սրբազան հայրը բարձր գնահատեց ազգային նվագարանների վարպետությանը տիրապետելուն և սերունդներին փոխանցելուն ուղղված քայլերը և իր օրհնությունը մաղթեց դասընթացներին:

«Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովը կարևորեց ազգային գործիք դհոլը արհեստավարժ նվագել սովորելու անհրաժեշտությունը: Գեղարվեստական ղեկավարի խոսքերով, դասընթացների սովորողների համար կապահովվի երաժշտական տարրական գիտելիքների, մասնավորապես սոլֆեջոյի և հարմոնիայի դասավանդումը:

Դհոլի դասարանում ընդգրկված են 12 սովորողներ: Հավելենք, որ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում գործում է նաև դուդուկի դասարան:

 

dhol1 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)