Թբիլիսիում տեղի ունեցած կրթական հաղորդակցության միջազգային տոնավաճառին մասնակցության նպատակով Երևանից ժամանած Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակության այցելության ծրագրի մեջ ընդգրկված էր նաև հանդիպումը թբիլիսահայ ապագա դիմորդների հետ: Սույն թվականի նոյեմբերի 3-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ վերոհիշյալ հանդիպումը:Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության հարցերի գրասենյակի համակարգող Կարինե Սաթամյանը, հաղորդակցության ծառայության ներկայացուցիչ Տաթևիկ Վարդանյանը և տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահրամ Ղուշչյանը ներկաներին հանգամանալից ներկայացրեցին այս բուհում տարվող կրթական մեթոդոլոգիայի, ուսումնական ծրագրերի, միջազգային դիպլոմի առավելությունները: Արևմտյան ոճի կրթական ծրագրերով գործող Հայաստանի ամերիկյան համալսարանը ԱՄՆ-ում հավատարմագրված , ՀՀ պետության կողմից ճանաչված, բազմակողմանի կրթություն ապահովող բարձրագույն ուսումնական հաստատություն է: Համալսարանը բավարարում է արևմտյան միջազգային կրթության բոլոր չափանիշները, ճանաչված է տարածաշրջանում , ունի բակալավրի քառամյա ծրագրեր, ինչպես նաև մագիստրոսի ութ ծրագիր:
Խոսելով ամերիկյան ոճի կրթության առավելությունների մասին, կարևորվեց նոր մտածելակերպի արմատավորումը, որն ապահովում է ուսուցում, համակողմանի վերլուծություն, խնդրի լուծման տեսական և գործնական տարբերակների համադրում: Ուսուցումը ընթանում է անգլերեն և , ՀՀ քաղաքացիների նմանօրինակությամբ, ետխորհրդային հանրապետությունների հայազգի դիմորդների համար ապահովվում է ուսման վճարի 50-տոկոսանոց զեղջ:
Բանախոսները հարց ու պատասխանի եղանակով իրազեկվեցին թբիլիսահայ երիտասարդների հետաքրքրություննների ոլորտներին, մեկնաբանեցին դժվարությունները հաղթահարելու ուղիները, առաջնահերթային անվանելով առաջադիմության բարձր մակարդակը: Խոսվեց նաև ուսումնառության ժամանակաընթացքում ծառացած նյութական դժվարությունները հաղթահարելու ուղիների շուրջ:
Երիտասարդները և նրանց ծնողները հյուրերի կողմից լսեցին իրենց հետաքրքրող հարցերի իրավասու պատասխանները և աջակցության պատրաստակամություն:
|