Նոյեմբերի 16-ը հայտարարված է հանդուրժողականության միջազգային օր: Ամենամյա նշվող այդ տոնին նվիրվում են տարբեր միջոցառումներ՝ որպես մշակույթների և քաղաքակրթությունների միջև հարգանքի, երկխոսության և համագործակցության անհրաժեշտության մասին հիշեցում:
Վրաստանի «Երեխաների և երիտասարդության ազգային կենտրոնը» հանդուրժողականության միջազգային օրը նշանավորեց միջոցառումների շաբաթով, որին ընդգրկված էին բազմազգ Վրաստանի տարբեր գեղարվեստական խմբեր ու համույթներ: Հանդուրժողականության օրվան նվիրված շաբաթի եզրափակիչ համերգային ծրագրին մասնակցում էր նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը՝ խմբավար Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան:
Երգչախումբը հանդես եկավ տարբեր ժանրի երեք խմբային երգերի կատարումներով: Հնչեցին Կոմիտասի մշակմամբ Սմբատ Շահազիզի «Երազ» երգը, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Անուշի արիան» և Ռոբերտ Ամիրխանյանի«Դինգ-դոնգը»: Երգչախմբի կատարումները հանդիսատեսի կողմից ընդունվեցին բուռն ծափահարություններով:
Համերգին ներկա էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովը, թեմի տեխնիկական ծառայության ղեկավար Վալերի Բադալյանը, տարբեր ազգային համայնքների և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր:
Հանդուրժողականության միջազգային օրվան էր նվիրված նոյեմբերի 16-ին Թբիլիսիի «Ռեդիսոնի» հյուրանոցում Վրաստանի վերինտեգրման հարցերով նախարարության կազմակերպած ընդունելությունը, որին հրավիրված էին Վրաստանի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրպաշտոնյաներ , Թբիլիսիի տարբեր համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Հանդիպմանը ներկա էին Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, տեխնիկական ծառայության ղեկավար Վալերի Բադալյանը:
Միջոցառմանը հանդես եկավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների երգչախումբը՝ խմբավար Լուիզա Վարդանովայի գլխավարությամբ: Երգչախմբի կատարմամբ Մակար Եկմալյանի «Ով, հայոց աշխարհ» երգը արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Հավելենք, որ 1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈՆ հանդուրժողականության սկզբունքների մասին ընդունեց հռչակագիր, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախաձեռնությամբ 1996 թվականից նոյեմբերի 16-ը նշվում է որպես հանդուրժողականության միջազգային օր:
|