1

fb you od

«Շեփորահարների շքերթ» Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

shephorahar1

Ընթացիկ տարվա դեկտեմբերի մեկին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ Վրաստանի հայ երաժիշտների միության (նախագահ` Արտեմ Կիրակոզով (Գրիգորենց)) հերթական միջոցառումը: Վերստին այն համերգ-դասախոսության բնույթի էր և այս անգամ թեման փողային գործիքներն էին, մասնավորապես, շեփորը: Այս հետաքրքիր և գեղեցիկ նվագարանի մասին ավելին իմանալու և կատարումներ լսելու էին եկել նրանք, ովքեր գիտեն դրա ունակությունը և գնահատում են այն:

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայ և վրացի երաժիշտներ, երգահաններ, Ախալքալաքի շրջանային մշակույթի, կրթության և սպորտի բաժնի վարիչ Վալերի Սելմաշովի ղեկավարությամբ Թբիլիսի ժամանած ուսուցիչների խումբը, վիրահայ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և այլոք:

Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական երաժշտանոցի ասոցացված պրոֆեսոր, Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Գարի Անտոնյանը, ընդամենը հինգ տարի առաջ ստեղծել է իր խումբը և տարբեր տարիքի երիտասարդների սովորեցնում է շեփոր նվագել: Շնորհալի երաժիշտը միջոցառմանը մասնակցում էր իր աշակերտների՝ երիտասարդ շեփորահարների հետ միասին:

Միջոցառման վարող Արտեմ Կիրակոզովը, հետաքրքիր ձևով ներկայացրեց փողային այս գործիքը, վերհանելով նվագարանի նրբություններն ու դժվարությունները: Իրար հաջորդեցին Պուչինի, Առնո Բաբաջանյանի, Գիորգի Սվիրիդովի, Ռևազ Լաղիձեի, Մերի Դավիթաշվիլու, Մերաբ Մերաբիշվիլու ստեղծագործությունները Գարի Անտոնյանի աշակերտներ՝ Իլո Շիոլաշվիլու,Վալերիան Սաաթաշվիլու, Վիկտորյա Ղազարյանի, Քեթի Դոլիձեի, Սերգեյ Անտոնյանի և Սերգեյ Սարգսյանի կատարմամբ: Առանձնապես տպավորիչ էին Գարի Անտոնյանի և նրա աշակերտների համատեղ ելույթները: Համերգին նվագակցում էր դաշնակահարուհի Նինո Ռեսկաշելին:

Հավարտ միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին շնորհավորեց և իր ստեղծագործությունները այս միջոցառմանը հնչեցնելու համար երախտագիտության խոսքեր ասաց երաժիշտ Մերաբ Մերաբիշվիլին: Նա ողջունեց նման համերգ-դասախոսությունների անցկացումը և պատրաստակամություն հայտնեց մասնակցելու դրանց:

Վերջում ներկաներին իր օրհնությունը բաշխեց և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը բարձր գնահատեց վրաց և հայ մշակույթի գործիչների համագորակցությունը և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հայերի հետ միասին նաև վրացի երգահանների ստեղծագործությունների կատարումը: Թեմակալ առաջնորդը ողջունեց շեփորահար Գարի Անտոնյանի արհեստավարժությունը և գովասանքի խոսքեր ուղղեց երիտասարդներին իր արվեստը փոխանցելու ուղղությամբ նրա գործունեությանը:

Երեկոն ավարտվեց փողային երաժշտության գեղեցիկ համերգով:

IMGP7498 IMGP7502 IMGP7537 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)