Վիրահայոց թեմում մեկնարկեց Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը |
Ապրիլի 12-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Հայոց մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված «Հուշարձան եղեռնի նահատակներին» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել էր Վրաստանի Հայ նկարիչների միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Թբիլիսիի, Սամցխե-Ջավախքի նկարիչները: Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Նա կարևորեց այն,որ արդեն 2-րդ տարին Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը Վիրահայոց թեմում մեկնարկում է Եղեռնի թեմայով ցուցահանդեսով: Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը արժևորեց վրացի նկարիչների մասնակցությունը ցուցահանդեսին և օժանդակությունը ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին: Նա իր խոսքում տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցած 25 նկարիչներ ավելի քան 60 կտավների միջոցով իրենց ցասումն են արտահայտել աշխարհի անտարբերության դեմ, պահանջելով արդարություն և հատուցում՝ անմեղ նախնիների տառապանքների և դաժան նահատակության համար: Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը ներկաներին հիշեցրեց մի քանի օր առաջ Քեսաբի հայությանը աջակցության համար ՄԱԿ- ի ներկայացուցչության և Թուրքիայի դեսպանության առջև թբիլիսահայության անցկացրած բողոքի գործողությունները: Բանախոսը ներկաներին մանրամասնորեն ծանոթացրեց Քեսաբի տեղադրության վայրին, ներկայացրես պատմական այն ուղին, որի ընթացքում հայաբնակ Քեսաբը և հարակից շրջանները արդեն 3-րդ անգամ ենթարկվում են ցեղասպանության և տեղահանության: Վերջում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխեց բոլոր մասնակիցներին, բարձր գնահատեց այս միջոցառումը և վրացի նկարիղների մասնակցությունը: Սրբազան Հայրը նմանատիպ միջոցառումները համարեց հուշակոթող հայ նահատակներին: Վիրահայոց Առաջնորդը ոգեկոչեց ներկաներին նվիրվել Հայաստանի և հայության գեղեցիկ ապագայի շինարարությանը, որպեսզի այլևս ոչ մի ոսոխ չսպառնա ստեղծարար հային իր դրած տուն ու տեղից տեղահան անել: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: |