Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում բաժանվեցին զատկական նվերներ |
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ.Զատկի նախօրեին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի, Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի , անհատ բարերարներ Կարեն Սարգսյանի, Կարեն Երիցյանի աջակցությամբ զատկական նվերներ բաժանվեցին շուրջ 100 ընտանիքների: Եկեղեցում հավաքված հավատացյալներին խոսքով դիմեց հոգևոր ծառայող Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Նա խոսեց մարդկության փրկության համար խաչված Հիսուս Քրիստոսի, նրա Սուրբ Հարության մասին և կոչ արեց ներկաներին՝ ապրել Եկեղեցու կյանքով, հավատարիմ մնալ մեր Տեր Հիսուս Քրիստոսին և գործել նրա պատվիրաններով, լինել գթասիրտ և սերմանել բարին: Այնուհետև ժողովրդին բաժանվեցին զատկական նվերներ:
|