1

fb you od

Սուրբ Զատիկի ուրախ տոնը Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ

nakhakrdaran

Ապրիլի 19-ին , Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաների մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը՝ Սուրբ Զատիկին նվիրված տոնական հանդիսություն: Օրվա խորհրդին պատշաճ զարդարված էր ոչ միայն դահլիճը,այլև զատկական տեսք էին ստացել նախակրթարանի սաները իրենց հագուստով ու արդուզարդով: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել հոգևոր ծառայողները, «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը, ծնողներ, հյուրեր:

Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի բարեմաղթանքով: Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն և Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և բեմահարթակը տրամադրեց նախակրթարանի սաներին:

Ու հետևեցին միմյանց երեխաների գեղեցիկ արտասանությունը, ուրախ երգն ու պարը՝ նվիրված օրվա խորհրդին: Ասելիքի խոր իմացությամբ և վստահությամբ կատարված նրանց ելույթները արժանանում էին դահլիճի բուռն ծափահարություններին: Ակներև էր, որ նախակրթարանի սաների համար նորություն չէր Տերունական աղոթքը, Հիսուս Քրիստոսի խաչելության և հարության Սուրբ Գրքի պատմությունները:

Միջոցառումը հագեցած էր ազգապահպանությանը միտված տարրերով. հայկական երգերի և ազգային պարերի գեղեցիկ կատարումները ցույց էին տալիս, որ ազգայինը արդեն դրված է այս թոթովախոս երեխաների հոգում:

Շնորհավորելով կազմակերպիչներին հրաշալի հանդես կազմակերպելու կապակցությամբ, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը երախտագիտությամբ կարևորեց հայապահպանության նպատակներով կատարված աշխատանքը՝ հայ երեխային հայ մեծացնելու ուղղությամբ: Նա կոչ արեց այս փոքրիկ շիվերին չկտրել իրենց բուն ծառից՝ տանելով օտարալեզու դպրոց, քանզի միայն լեզվով են դառնում հայրենասեր, միայն լեզվով են հոգին պահում անաղարտ: Բանաստեղծ, թարգմանիչը նախակրթարանի ուսուցիչներին նվիրեց իր թարգմանությամբ Վաժա Փշավելայի «Եղնիկ» պատմվածքը և Մաղվալա Գոնաշվիլու «Գիսավոր աստղ» հեքիաթների ժողովածուն:

Ընդհանուր առմամբ նախակրթարանի կատարած աշխատանքների և ի մասնավորի այս գեղեցիկ ցերեկույթի համար ծնողների անունից շնորհակալություն հայտնեց ծնող Անժելա Խաչատրյան-Մարգարյանը և կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հավարտ միջոցառման օրհնության և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա բարձր գնահատեց նախակրթարանի անձնակազմի ՝ տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, մանկավարժներ Լալա Գևորգյանի, Նարինե Ղուշչյանի, Լուսինե Պողոսյանի, Պավել Օգանեզովի և Հովհաննես Շահնազարյանի աշխատանքը գեղեցիկ ձևավորված, ճաշակով զարդարված դահլիճում նույնքան գեղեցիկ հանդեսի համար: Սրբազան Հայրը ողջունեց ուսումը դպրոցում շարունակող սաների և նրանց ծնողների կապը Հայոց Եկեղեցու, «Հայարտուն» կենտրոնի և նախակրթարանի հետ և կոչ արեց միշտ լինել եկեղեցու կողքին, քանզի դա է մայրենին պահպանելու, հավատքին հավատարիմ մնալու միակ ճիշտ ուղին: Վերջում «Վրաստանում Բարի սամարացի» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Երիցյանը երեխաներին բաժանեց նվերներ:
 

IMGP4907 IMGP4923 IMGP4955 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)