1

fb you od

Վիրահայ համայնքը նշեց Հայոց մեծ Եղեռնի 99-րդ տարելիցը PDF Տպել Էլ.փոստ

ceghaspanutiun

2014 թվականի ապրիլի 24-ին լրացավ Հայոց մեծ եղեռնի 99-րդ տարելիցը: Ողջ աշխարհի հայկական համայնքները, ինչպես նաև Վրաստանի հայությունը, հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Թբիլիսիում, Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և դիվանագիտական անձնակազմը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի Պատրիարքարանի Սբ. Անդրեաս Նախակոչի անվան վրացական համալսարանի ռեկտոր Սերգո Վարդոսանիձեն, Վրաստանի եզիդների հոգևոր խորհրդի ղեկավար Դմիտրի Փիր Բարին (Փիր Դիման), հայ համայնքային կառույցների ղեկավարներ և հոծ բազմություն: Եկեղեցում Սրբազան Պատարագի ավարտից հետո ժողովուրդը հավաքվեց Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ, որտեղ Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև ժողովուրդը բողոքի պաստառներով, ՀՀ և Վրաստանի պետական և համայնքային դրոշներով շարժվեց դեպի Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանություն, որտեղ կազմակերպվեց բողոքի խաղաղ ակցիա: Խաղաղ հանրահավաքին մասնակցեցին ինչպես Թբիլիսիի հայկական կազմակերպություններ, այնպես էլ Թբիլիսիի այլ համայնքների ներկայացուցիչներ: Բողոքի ակցիան դարձավ պահանջատիրոջ իրավունքով դատապարտման, ճանաչման և հատուցման ոգեկոչում:

Հավելենք, որ ապրիլի 21-ին, Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ապրիլի 22-ին՝ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, ապրիլի 23-ին՝ Նինոծմինդայում տեղի ունեցան Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին խաչքարերի բացում:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)