1

fb you od

Երեք գրքի շնորհանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

grqi shnorhandes

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը ս.թ. մայիսի 17-ին, Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպեցին երեք գրքի՝ երջանկահիշատակ Վիկտոր Հովսեփյանի «Երազի գունավոր ծիածանը», Արմինե Գևորգյանի «Քարեղեն երկիր» և « Գրական ծիլեր» ակումբի «Զարթոնք» տարեգրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայից ժամանած ստեղծագործողներ, Հովսեփյան ընտանիքի անդամները, Թբիլիսիի և Նինոծմինդայի հայկական դպրոցների բարձրդասարանցիներ, գրասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Տերունական աղոթքից հետո, բացելով միջոցառումը, Վրաստանի հայ գրողների միության նախագահ Գևորգ Սնխչյանը անդրադարձ կատարեց նոր հրատարակված գրքերը ընթերցողին ներկայացնելու կենտրոնի որդեգրած սովորույթին և երախտագիտության խոսքեր ուղղեց գործարարներ Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրներին՝ Վիկտոր Հովսեփյանի գրքի, ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ «Զարթոնք» տարեգրքի հրատարակությունները ֆինանսավորելու և Արմինե Գևորգյանի ծնողներին՝ իրենց շնորհալի դստեր ստեղծագործությունները հրատարակելու համար:

Արմինե Գևորգյանը անթաքույց ուրախությամբ ներկայացրեց հայրենասիրության, քարքարոտ ծննդավայրին, երազանքների աշխարհ մեծ հայրենիքին նվիրած իր բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն: Իսկ Նանե Հովսեփյանը երախտագիտություն հայտնեց իր հոր ստեղծագործություններից մեկ ժողովածու ևս ընթերցողին ներկայացնելու համար:

Բոլոր ելույթ ունեցողները բարձր գնահատեցին նորանոր արժեքավոր գրքերի հրատարակությամբ ընթերցանության պահանջը հրատապ դարձնելու մոտեցումը: Անահիտ Բոստանջյանն իր խոսքում կոչ արեց անուշադիր չթողնել այնպիսի թեմաներով գրքերի հրատարակությունը, ինչպիսիք են հայ-վրացական գրական կապերը, երկու հարևան ժողովուրդների գրականությունից կատարած թարգմանություններով միմյանց ծանոթացնելը, ինչպես նաև գրաքննադական միտքը հարստացնելը և այլն: »Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը անհամատեղելի համարեց Վիկտոր Հովսեփյան մեծության գրքի շնորհանդեսը երկու պատանի ստեղծագործողների գրքերի հետ միասին իրականացնելու համար, ընդգծելով Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործությունը առանձին միջոցառումով մեծարելու անհրաժեշտությունը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնությունը բաշխեց ներկաներին և բարձր գնահատեց նման շնորհանդեսների կազմակերպումը , կարևորելով «Վերնատուն» գրողների միության գործունեության արդյունքում գրական արժանի սերունդ աճեցնելու, հայ գրական միտքը Վրաստանում ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու հարցը:

Այնուհետև «Վերնատուն» միության նախագահը բարձրաձայնեց խորհրդի որոշումը՝ «Գրական ծիլեր» ակումբի մրցանակակիր ստեղծագործողներ Արմինե Գևորգյանին և Արամ Մելիքյանին Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությանը անդամագրելու մասին:

Ներկայացված գրքերից բանաստեղծություններ ընթերցեցին Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասանները և Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան դպրոցի բարձրդասարանցիները: Միջոցառմանը դաշնամուրային գեղեցիկ կատարումներով հանդես եկավ երաժիշտ Իսայի Աբովյանը:

 

IMGP7520 IMGP7527 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)