1

fb you od

Նունու Գաբունիայի ստեղծագործական երեկոն Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

IMGP1388

Վրաստանի վաստակավոր արտիստուհի, երգահան Նունու Գաբունիայի հետ հայ երաժշտասեր հասարակայնության հանդիպումը դարձավ Վիրահայոց թեմ «Հայարտուն» կենտրոնի հերթական մշակութային միջոցառումը, որը նախաձեռնել էր «Հայարտուն» կենտրոնը: Հանդիպումը կայացավ հունիսի 26-ին, ներկա էին ճանաչված երգահանի սաները,նրանց ծնողները, հյուրեր, հայ և վրացի երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Միջոցառման վարող Աննա Պողոսովան ներկայացրեց ճանաչված երգահանի համառոտ կենսագրությունը, նրա ստեղծագործությունը՝ հայտնի երգերը, մանկական գործերը,կինոյի և անիմացիոն ֆիլմերի համար գրված երաժշտությունը: Արժեվորվեց Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության նախաձեռնությամբ, 2012 թվականի նոյեմբերին Թբիլիսիի համերգային դահլիճի առջև բացված Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Նունու Գաբունիայի աստղը:

Հանրաճանաչ երգահանը շնորհակալության խոսքեր ուղղելով «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանին և գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովին՝ հայ երաժշտասեր հասարակայնության հետ այս հանդիպման համար, պատմեց հայ ժողովրդի, Հայաստանի երաժշտասեր հասարակայնության հետ իր կապերի մասին: Նա կարևորեց այն բարեկամական հարաբերությունները, որ այսօր էլ շարունակվում են փոխադարձ սիրով և նվիրվածությամբ: Խոսեց հայ երգարվեստին իր մոտեցման մասին, ընդգծելով, Երևանում իր սաների մասնակցությունը տարբեր երաժշտական մրցույթների, իր ներկայությունը մրցատյանի կազմում: Երգահան Գաբունիան կարևորեց սաներին հայերեն երգի կատարումը անպայման սովորեցնելու իր նախապատվությունը:

Այնուհետև հնչեցին երգեր Նունու Գաբունիայի և ուրիշ երգահանների երգացանկից: Ներկաների առանձնահատուկ ընդունելությանը արժանացան բազմաթիվ մրցույթների դափնեկիր Լիզա Կրասնոռուդսկայայի կողմից դասական և էստրադային, վրացերեն, ռուսերեն, հայերեն և այլ լեզուներով երգերի հիանալի կատարումները:

Հուզառատ և գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ հանրաճանաչ երգահանի թոռնուհին՝ Նինուցա Բեդիաշվիլին: Բարեկամության շնչով միջոցառումը հագեցած էր նաև հայերեն երգերով, որոնք հնչեցին մենակատարներ Անի Ղուշչյանի և Աննա Պողոսովայի կատարմամբ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իր օրհնությունը հղելով ներկաներին, բարձր գնահատեց երգահան Նունու Գաբունիայի և նրա սաների մասնակցությամբ կայացած գողտրիկ երեկոն և այն անվանեց հայ-վրացական մշակութային բարեկամության ևս մեկ էջ: Նա գոհունակություն արտահայտեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավարության՝ երկու դրկից ժողովուրդների մշակույթները միմյանց մերձեցնելուն միտված գործունեության կապակցությամբ:

Երեկոն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում:

IMGP1403

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)