Երևանի քաղաքապետարանի պատվիրակության այցը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի |
2014 թվականի հոկտեմբերի 25-26-ին «Թբիլիսոբա» տոնի կապակցությամբ Թբիլիսիում հյուրընկալվեց Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, արարողակարգի ղեկավար Հարություն Հակոբյանը և քաղաքի Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը: Տոնական միջոցառումների շրջանակներում, պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հյուրերը մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագին,ունկնդրեցին Վիրահայոց թեմի առաջնորդի քարոզի խոսքը օրվա խորհրդի մասին և մոմեր վառեցին ու աղոթք բարձրացրին հայոց հինավուրց տաճարում: Հավարտ Պատարագի հյուրերին Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում ընդունեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը հյուրերին իրազեկեց քաղաքի տոնակատարությանը թբիլիսահայ համայնքի մասնակցության և անցկացված միջոցառումների մասին: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու և Սուրբ Նորաշեն տաճարի վերականգնողական աշխատանքներին: Բարձրաստիճան հյուրերը Վիրահայոց թեմի առաջնորդի և Թեմի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սամվել Աղեկյանի ուղեկցությամբ դիտեցին «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը, ծանոթացան կենտրոնի գործունեությանը: Այնուհետև Երևանից ժամանած պատվիրակությունը այցելեց Թբիլիսիում գտնվող հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ Թեմի Առաջնորդի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին հայ մեծամեծերի հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին: Երևանի քաղաքապետարանի պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին երկու մայրաքաղաքներին վերաբերող հարցեր:
|