«Ներսես Շնորհալի» երգչախմբի մենահամերգը Ախալցխայում |
2014 թվականի հոկտեմբերի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթը մենահամերգով հանդես եկավ Ախալցխայում: Արտագնա միջոցառումը նվիրված էր «Թբիլիսոբա» տոնին: Տոնական օրվա տրամադրությունը համույթի անդամներից անմիջապես փոխանցվեց տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավաքված բազմությանը, որտեղ նախատեսված էր անցկացնել համերգը: Եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անդամների ջանքերով անմիջականորեն կարգավորելով լույսի բացակայության խնդիրը և ստանալով հոգևոր հայրերի օրհնությունը , եկեղեցու կամարների ներքո տարածվեցին հոգևոր և ժողովրդական երգերը Ներսես Շնորհալի համույթի կատարմամբ: Խմբավար Մարիա Աբուլյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ համույթի մենահամերգն արժանացավ ներկա բազմության ջերմ ընդունելությանը: Այնուհետև «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը այցելեց Ախալցխայի Երիտասարդական կենտրոն: Հյուրերի այցը ողջունեց և պատանիներին հայաբնակ տարածաշրջանին ծանոթացնելու նպատակը կարևորեց Երիտասարդական կենտրոնի համակարգող Էդուարդ Այվազյանը: Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը կոչ արեց նման այցելությունների միջոցով աշխուժացնել կենտրոնների համագործակցությո Վերջինս Ախալցխայի երիտասարդական կենտրոնին նվիրեց Հայ Առաքելական Եկեղեցու պատմության դասագրքեր ու մի քանի ուսուցողական ձայնասկավառակներ: Երկու կենտրոնների երիտասարդները հանդես եկան ուրախ համերգով: Հայաբնակ տարածաշրջանում հյուրերը դիտեցին նաև հայոց հոգևոր կոթող Սուրբ Նշան եկեղեցին: Երիտասարդների վրա անջնջելի տպավորություն թողեց Սուրբ տաճարը, երիտասարդները լսեցին եկեղեցու պատմության մասին հոգևոր հայրերի պատմածը և սիրով կատարեցին հոգևոր երգեր: «Ներսես Շնորհալի» համույթի անդամները այցելեցին Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միություն: Դիտելով կենտրոնի էքսպոնատները, երեխաները միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանից տեղեկացան Վահրամ Գայֆեճյան ստեղծագործողի, նրա անվան միության և կենտրոնի գործունեության մասին: «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ Մշակույթի նախարարությանը ցուցաբերած աջակցության համար: Կենտրոնը երախտագիտության խոսք է ուղղում Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանին, Տեր Հակոբ աբեղա Սահակյանին, Երիտասարդական կենտրոնի համակարգող Էդուարդ Այվազյանին և համայնքային այրերին ջերմ ընդունելության համար, և նմանատիպ այցելությունները փոխադարձ ու շարունակական դարձնելու հույս հայտնում, ինչը համատեղ ծրագրերի իրականացման նպատակով երկու կենտրոնների առջև կբացի նորանոր ասպարեզներ:
|