2014 թվականի հոկտեմբերի 21-23-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի 20 ակտիվ տղաների ու աղջիկների խումբը, բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այցի նպատակն էր Վիրահայոց թեմի շուրջը համախմբված Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների երիտասարդներին ծանոթացնել պատմական Հայաստանի և Արցախի հոգևոր և մշակութային կոթողների հետ, մերձեցնել Արցախի հերոսական բնակիչներին: Այցն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բարձր հովանու ներքո, որի համար Վիրահայոց թեմը և նրա երիտասարդական բաժինը հայտնում են իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը:
Երիտասարդական խմբի ճանաչողական այցը սկսվեց Տաթև գյուղի հեքիաթային բնության և Գինեսի ռեկորդների գրքում հայտնված աշխարհի ամենաերկար ճոպանուղու հմայքով, որտեղից երիտասարդների առջև ամբողջ տասներկու րոպեների ընթացքում փռվեց աշնանային չքնաղ տեսարանը. ոսկեզօծ բնություն, ճգնավորների մենաստան, քարաժայռեր, ստորոտում աղմկարար հոսող Որոտան գետ...
Բնության գեղեցկությունն ամբողջացավ Տաթևի վանական համալիրում եկեղեցիների մասին ստացած տեղեկություններով, ազգի հերոս զավակ Գարեգին Նժդեհի սենյակի տպավորությամբ և համալիրի արդյունաբերական մասի կատարելությամբ՝ Ձիթհանն իր տեխնիկական հագեցվածությամբ:
Հեռավոր Թբիլիսիից ժամանած երիտասարդական պատվիրակության անդամներին և բաժնի տնօրենին Ստփանակերտում, ԼՂՀ Մշակույթի նախարարությունում ընդունեց նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարը ողջունելովերիտասարդներին,նշեց վերջին ժամանակներս վիրահայ երիտասարդության հետ հարաբերությունների աշխուժացումը, դրանում արժևորելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և «Հայարտուն» կենտրոնի դերը:-Համագործակցությունը շատկարևորէ,որովհետևյուրաքանչյուրհայգոնեմեկանգամպետքէգաևտեսնիԱրցախը, զգաայսհողիուժը, շփվիայստեղապրողմարդկանցհետ։Նմանհամագործակցություննուկապերընախևառաջմերազգայինինքնությանպահպանմանևընդհանուրհայապահպանությանհամարկարևորգործոնենհանդիսանում, հավելեց տիկին նախարարը:
Հանդիպման ընթացքում եղան համագործակցությունը շարունակելու և համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ, ինչը երկուստեք ընդունվեց պատրաստակամությամբ: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը սիրով ընդունեց Ղարաբաղում կայանալիք ազգագրական պարի օլիմպիադային մասնակցելու հրավերը: Հանդիպման ավարտին հյուրերին հյուրասիրեցին ղարաբաղյան ավանդական ժենգյալով հացով...
Երիտասարդների խումբը այցելեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի: Տերունական աղոթքից հետո երիտասարդները կատարեցին Կոմիտասի Տեր Ողորմյան..., երգեցին շարականներ, եղան եկեղեցու խորհրդավոր ներքնահարկում...
Այցի երկօրյա ծրագիրն անչափ հագեցած էր, հոգևոր կոթողներ և աշխարհիկ շինություններ այցելությունից ստացած տպավորությունները անջնջելի: Հետաքրքիր էր գորգերի թանգարանն՝ իր ղարաբաղյան գորգագործական առանձնահատկություններով, Ջդրդյուզ (Հունոտի) կիրճը՝ դրախտային տեսարանով, Տիգրանակերտի թանգարանը, Գանձասարի եկեղեցին, Ամարասի վանական համալիրը: Երիտասարդների խումբը սուրբ զգացումով եղավ Ստեփանակերտի ԼՂՀ զոհված ազատամարտիկների պատկերասրահում, հուզմունքով, բայց և հպարտությամբ գլուխ խոնարհեց հայրենիքի և ազգի համար ընկած հերոս մարտիկների հիշատակի առջև:
Արցախի հերոսական և ստեղծարար ժողովրդի հերոսական կամքով ոգեշնչված վիրահայ երիտասարդները վերադարձան Թբիլիսի՝ իրենց հետ բերելով նորանոր ընկերների բարեմաղթանքներն ու վերստին հանդիպելու սպասումը...