1

fb you od

Վրաստանի նախագահի խորհրդական Սոփիո Շամանիդին հյուրընկալվեց Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

shamanidi 

2014 թվականի նոյեմբերի 5-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ընդունեց Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական տիկին Սոփիո Շամանիդիին:

Հանդիպմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը և առաջնորդարանի սոցիալական հարցերի ծառայության ղեկավար Միքայել Ավագյանը:

Ողջունելով հյուրին, Վիրահայոց թեմի առաջնորդը հաջողություններ մաղթեց Վրաստանում սկսված մարդահամարի կարևոր գործընթացին: Սրբազան Հայրը անդրադարձ կատարեց օրեր առաջ Վրաստանի նախագահ պարոն Գիորգի Մարգվելաշվիլու մոտ տեղի ունեցած կրոնական համայնքների առաջնորդների հետ հանդիպմանը, մեկ անգամ ևս կարևորեց նման մակարդակի հանդիպումները, որոնք մեծ օգտակարություն են բերում կրոնական համայնքների առաքելության գործին:

Զրույցի ընթացքում Վիրահայոց թեմի առաջնորդը և Վրաստանի նախագահի խորհրդականը շոշափեցին Վիրահայոց թեմին հուզող հարցերը: Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկայացրեց Վրաստանում գործող եկեղեցիների և հոգևոր սպասավորների թիվը, երկրում Եկեղեցու այսօրվա առաքելության շրջանակները:

Սրբազան Հայրը դիմեց տիկին Շամանիդիին, որպեսզի աջակցություն ցուցաբերի Վրաստանում ծառայող հոգևորականների կացության հետ կապված խնդիրների լուծմանը:

Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Սամցխե-Ջավախքում և Ծալկայում ապրող այն քաղաքացիների հարցերը, ովքեր երկրորդ երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից և նույնիսկ պատկերացում անգամ չունեն այն իրավական խնդիրների մասին, որոնք հնարավոր է ծագեն նրանց համար:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդը դիմեց տիկին Շամանիդիին խնդրանքով, որ հարցը ներկայացվի Վրաստանի նախագահին և նման քաղաքացիների համար գտնվի խնդրի միջանկյալ լուծում: Հոգեշնորհ Հայր Սուրբը խոսեց նաև Վրաստանում ապրող այլ երկրի քաղաքացի հանդիսացող հայազգի երեխաների դպրոցներում անվճար ուսում ստանալու մասին:

Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական տիկին Սոփիո Շամանիդին, ուշադրությամբ լսելով բարձրացված հարցերը, խոստացավ ուսումնասիրել դրանք և ուժերի սահմաններում օժանդակել դրանց լուծմանը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)