1

fb you od

Խաչատուր Խոստարյանի ստեղծագործական աշխարհը մանրանկարչության մեջ PDF Տպել Էլ.փոստ

Khachatur 

2014 թվականի նոյեմբերի 7-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում բացվեց թբիլիսահայ մանրանկարիչ, ճանաչված վարպետ Խաչատուր Խոստարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Այն կազմակերպել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Վրաստանի հայ նկարիչների միության աջակցությամբ:

Ցուցահանդեսի բացումն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին «Փիրոսմանի» ասոցիացիայի ղեկավար Ջեմալ Գոգիշվիլին, «Փիրոսմանի» տուն-թանգարանի աշխատակցուհի Լալի Լոմթաթիձեն, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի աշխատանքները, որ զբաղեցրել էին մի փոքր տարածություն, սակայն աչքի էին ընկնում իրենց հազվագյուտությամբ, ցուցանմուշների լույսով ստեղծված տպավորությամբ, ինչպես նաև կատարելությամբ:

Այցելուների ուշադրությանն էր ներկայացված շուրջ երեք տասնյակ մանրանկարչական աշխատանք, որոնք միևնույն ժամանակ գեղագիտության անկրկելի նմուշներ էին:

Ողջունելով ներկա հասարակությանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը Խաչատուր Խոստարյանի արվեստը ներկայացնելու համար խոսքը փոխանցեց Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանին: Մեծարանքի խոսքեր ուղղելով ստեղծագործական աներևակայելի ունակությամբ օժտված արվեստագետին, մանրանկարիչ Շահումյանը բարձր գնահատեց Խոստարյան վարպետի անզուգական տաղանդը, նրա աշխատանքների յուրահատկությունը, աշխատանքային մեծ համբերությամբ արվեստի կատարյալ նմուշ ստեղծելու մոտեցումը:

Երկար տարիներ դրոշմազարդմամբ զբաղվելուց հետո, պատահաբար խխունջի գույնների հրապուրանքը վարպետին մղում է այդ գույների կիրառմամբ և ներդաշնակմամբ խխունջի վրա գեղանկարչական պատկերներ ստեղծելուն: Եվ ահա մեկ խխունջին հաջորդում է մյուսը, մեկ պատկերին՝ մյուսը և դառնում ցուցանմուշների մի հարուստ աշխարհ: Խխունջի վրա մանրակրկիտ աշխատանքով ստեղծված պատկերները վարպետ Խոստարյանի մտահղացմամբ դառնում են արվեստի գործ, իսկ ցուցահանդեսին ներկայացված մոմակալների վառվող մոմը ակնհայտ էր դարձնում խխունջի կտավային գեղանկարչությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճար, Թբիլիսիի տարբեր տեսարաններ,Սուրբ Երրորդության տաճար, բնության պատկերներ և այլն:

Խոսելով Խաչատուր Խոստարյանի հեքիաթային ցուցանմուշների մասին, բանախոսներ մանրանկարչուհի Գոհար Հակոբյանը, տիկնիկագործ Ժաննա Դավթյանը, պատմաբան Ենոք Թադևոսյանը, «Փիրոսմանի» ասոցիացիայի և տուն-թանգարանի ներկայացուցիչները և մյուսները կարևորեցին վարպետի հարուստ երևակայությունը, ներկապնակի գույների ճոխությունը և պատկերների ներդաշնակությունը, առաջարկություն հնչեցնելով՝ Խաչատուր Խոստարյանի արվեստը ներկայացնել նաև Երևանի արվեստասեր հասարակայնությանը:

DSC00900 DSC00884 DSC00872 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)